> Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27 > ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Գ

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Գ

Մարտ 29, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան:

Մաս Բ
3. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
( Հատված I-ին )

5_avՈրքան ընդլայնվում է դիտարկման տեսադաշտը` «ծխամշուշը» փարատման փոխարեն ասես թանձրանում է առավել ու ծնում ոլորապտույտ նորանոր հարցականներ: Բայց չէ՞ որ «Չի լինում ծուխ առանց կրակի», որն հրարձակվել էր 27.10.1999 թվին, որտեղից էլ խորքային այսքան առատ հարցականների թանձր «ծխամշուշը», ինչն ակնկալում է ոճրագործության հմուտ ծրագրավորում և հեռահար հաշվարկներ: Ուստի, վասն այդ խուճուճ շղարշի գոնե մասնակի պարզեցման, հարկ է հարցականները կրճատել հենց առաջացող հարցականներով: Առավել ևս, որ ըստ ասացվածքի «Դիպուկ հարցը ճիշտ պատասխանի կեսն է»:

1. ՀԱՐՑ. – Եղան ելույթներ և հոդվածներ, ըստ որոնց չպետք է «Ծառի հետևում անպատճառ անտառ փնտրտել»: Զի, Հայաստանում կային բավականին զենք և սանձարձակ «ռոմանտիկներ» նման ոճրագործությունը ինքնագլուխ իրագործելու համար: Ճիշտ այնպես, ինչպես վասն ԱՄՆ
հեղինակության, ցայսօր ոմանք դեռ ջանում են Ջ. Քենեդու սպանությունը ներկայացնել որպես միայնակ և անհավասարակշիռ ոմն Լի Օսվալդի ինքնագործունեություն:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Ոճրագործության նման մեկնությունները ձախորդ են և ինքնին մատնում են ապակողմնորոշման միտումնավորություն: Զի, նախ ոմանց կողմից Ջ. Քենեդու սպանության կազմակերպումը այլևս հայտնի է անգամ դպրոցականներին, իսկ այդուհանդերձ, եթե մնում են մշուշոտ հանգամանքներ, ապա այդ այն պարզ պատճառով, որ նման քաղաքականորեն խիստ կարևոր ոճրագործությունները հաշվարկվում են մշուշում չբացահայտվելու նպատակով` ինչն էլ ակնկալում է հմուտ փորձագետների առկայություն: Նույնն է նաև հայոց պարագան, առավել ևս, որ հուշում է նախատիպերի շահարկում…

2. ՀԱՐՑ. – Ուրեմն Հունանյան եղբայրների նույն 1998-98 թթ Թուրքիա գործուղումները նույնպիսի նպատակ ունեի՞ն, ինչպիսինն էր Լի Օսվալդի ԽՍՀՄ երբեմնի այցն ու կարճատև բնակությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամենայն հավանականությամբ` այո’:  Զի, նախ Կարեն Հունանյանի գործուղումը որպես օպերատոր հիմնավորված չէր ( նա օպերատոր չի եղել…): Եվ հետո, ինչպես Ջ. Քենեդու պարագայում` ԽՍՀՄ, հոկտ. 27-ի ոճրագործության հետքերը նույնպես փորձվեցին ուղղել դեպի Թուրքիա և այդ համառում են ցայսօր (ասես փրկելու համար հնարավոր այլ մեկ տերություն:  «Հոկտ. 27 և Թուրքիան»), ինչով էլ կարող է բացատրվել Ն. Հունանյանի «երկու տիրոջ ծառա» լինելու հանգամանքը և ոճրագործության օրը մեկի բացակայությունը (Կարեն Պարունակյանի (23)), իսկ Վ. Մանուկյանի` ակտիվ մասնակցությունը: Մեծ հավանականությամբ նրանք ունեցել են տարբեր գործառույթներ, ինչպես նրանց ղեկավարները: Իսկ այն իրողությունը, որ նախապես հաշվարկվել են աշխարհաքաղաքական հանգամանքներ` ինչպես ավելի ուշ «Մեղրիի տարբերակի» առնչությամբ, խոսում է այն մասին, որ ոճրագործությունը ծրագրավորվել է բարձրագույն և նույնիսկ քննարկվել արտաքին ատյաններում…

3. ՀԱՐՑ.Եթե ԱԱՆ թե այլք հիրավի եղել են ոճրագործության կազմակերպիչներ, ապա ինչո՞ւ զենքերը նրանք չեն մատակարարել, այլ գնվել են ոմն Ն. Եղիազարյանից` այն էլ պարտք վերցրած գումարներով:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Նախ Լ. Օսվալդը զենքը նույնպես գնել էր իր միջոցներով (պարզ է, ոչ ոք իրեղեն ապացույց չէր մատակարարի (24 )), իսկ տվյալ դեպքում իբր $300 թե $200 պարտքը վերցվել է ոճրագործության հետ առնչվող շատերի պես «նախկին սկաուտ», իրաքահայ ոչ անհայտ գործարար Ս. Տեր-Պողոսյանից: Մինչդեռ զինավաճառ և մասնագիտությամբ էլեկտրիկ Ն. Եղիազարյանը դատավարությունից առաջ, 29.08. 2000 թ. գիշերը, ոչ միայնակ բանտախցում «էլեկտրահարվել» էր ցայսօր լրիվ չլուսաբանված պայմաններում: Բուն հանցագործների մեկ «ալիբին» ապահովված էր, հանգույցն` ավելորդ (25) : Այստեղ ևս ուրվագծվում է ինչ-որ «սցենարի» առկայություն:

4. ՀԱՐՑ. – Ուրեմն երբեմնի ԱԱՆ ոճրի մեղսակի՞ցն էր թե՞ նաև կազմակերպիչը:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Մեղսակից` հաստատ, կազմակերպիչ` թերևս մասամբ: Այնքանով`… որքանով նախորդ բարձրաստիճան սպանությունների նույնպես չբացահայտված շղթայում, երբ դրանք գոնե պետք էր զգոնացնեին համապատասխան կառույցներն ու վերին պատասխանատուներին, հսկելու համար հանցածին իրավիճակը: Մինչդեռ եղավ լրիվ ընդհակառակը, ասես այդ սպանությունները միտում էին կազմալուծել Վազգեն Սարգսյանի ուժային-քաղաքական հենարանը` ի վերջո նրան ևս չեզոքացնելու և բուն նպատակին հասնելու գերխնդրականում:
Անշուշտ, ԱԱՆ համասեռ չէ և կան ոչ միայն ներքին տարբեր շերտեր և կառույցներ` այլև քաղաքական տարբեր հակումների շրջանակներ, այդ թվում պարզապես ռուսամետ և «դաշնային»:

5. ՀԱՐՑ. Ըստ Վ. Գալստյանի ակնարկի, շատ այլոց և հասարակական զանգվածի համոզմամբ հոկտեմբ. 27-ի հետևում կանգնած է Քոչարյան-Սարգսյան տանդեմը: Բայց մի՞թե արցախյան հերոսամարտի այդքան նվիրյալ մարտիկները կարող էին գնալ կամ թեկուզ թույլ տալ նման ոճրագործություն` այն էլ իրենց երբեմնի զինակցի նկատմամբ :
ՊԱՏԱՍԽԱՆ. – Իսկ մի՞թե նույնքան նվիրյալ, ազգային հերոս և գեներալ Սամվել Բաբայանը մահափորձ չձեռնարկեց իր իսկ հայրենակից, Արցախի նախագահ Ա.Ղուկասյանի նկատմամբ (վստահ հոկտ. 27-ի ներշնչմամբ), մի քանի տարի բանտարկությունից հետո ներվեց, բերվեց Հայաստան, և ասես «Նմանը զնմանին գտնանի» սկզբունքով հայտնվեց Ռ. Քոչարյանի հովանավորության տակ:
Մարդկային ողջ պատմությունը (ոչ պակաս նաև հայոց ) հեղեղված է նման «բրուտոսներով» և քաղաքական դավերով, ինչը խտացված է Շեքսպիրի հատկապես «Ռիչարդ 3-րդ» ողբերգության մեջ` այդքան նման հայկական այս տարբերակին:
Իհարկե, մեր քննախուզության տվյալ աստիճանում այս բոլորը դեռ չեն ապացուցում «արցախյան զույգի» ոճրագործության անմիջական կազմակերպիչներ լինելու ամբաստանքը, իսկ մեղսակցության` անկասկած, թեկուզ առայժմ միայն թողտվությամբ: Իսկ հետաքննության
խափանման, հետագայում դրսևորած բռնատիրության և հատկապես 2008 թ. մարտի 1-ի սպանդի սպանդի պարագաներում, ամենայն հավանականությամբ` անմիջական: Այդ նույն ձեռքն ու ձեռագիրն է:

6 . ՀԱՐՑ. Այդ ինչպե՞ս այդքան վճռական և հզոր ՀՀԿ-ն անսպասելիորեն կտրուկ շրջվեց, դարձավ իշխանամետ, իսկ Ա. Մարգարյանը` այդքան երկարակյաց վարչապետ, այդուհանդերձ մնալով «անկարող» լուծելու երբեմնի գաղափարակցի չնչնագույն հարցը (իմա` մեր):
ՊԱՏԱՍԽԱՆ. – Հարցը հարկ է ուղղել ՀՀԿ-ին` մասնավորապես Ռ. Զոհրաբյանին կամ Գալուստ Սահակյանին…, թեև առանց ստույգ պատասխան ստանալու ակնկալիքի: Սակայն, վստահաբար գործել է «գազար ու գավազանի» ռազմավարությունը: «Գազարը» պարզ է, իսկ «գավազա՞նը»: Ակնհայտորեն այնքան ծանրակշիռ, ճնշելու համար ցանկացած ըմբոստություն, համոզելու և հնազանդեցնելու անգամ ամենահամարձակներին: Իսկ ո՞վ և ի՞նչը կարող էր լինել այդ գերզորությունը: Հայաստանում պարզ է` «միակ տղամարդը», արդեն իր ուժային կառույցներով և ինչ-ինչ զորակցություններով, իսկ դրսո՞ւմ (զի այն չէր կարող չլինել` այն էլ աշխարհաքաղաքական նման խրթին մի իրավիճակում ), միանշանակ` Ռուսաստանը, ինչն էլ առավել բացահայտորեն դրսևորվեց հետագա տարիներին: Այստեղ մնում է մեկ չլուսաբանված հարց: Այդ ո՞ւմ նկատի ուներ «խոհեմացած» հանգուցյալ վարչապետը հրապարակորեն հայտարարելով. «Հոկտեմբեր 27-ի հետքերը տանում են դեպի հզոր մի տերություն, ուստի անկարող ենք ավելին բացահայտելու…»:

7. ՀԱՐՑ.Տրամաբանորեն` միմիայն Ռուսաստանին, թեև Թուրքիա երկիմաստությամբ: Ուրեմն հավա՞ստի էր արդյոք 30.04.2005թ. ադրբեջանական «Real Azer» էլեկտրոնային թերթում, ՌԴ ԱԴԾ փոխգնդապետ Ա. Լիտվինենկոյի ցնցող հայտարարությունը, ըստ որի հոկտ. 27-ի գործողությունը կազմակերպել էին ՌԴ ÃÐÓ-ՀԿՎ (Հետախուզական Կենտրոնական Վարչություն) ծառայությունները (նույնը նրանից առաջ և հետո ակնարկել են նաև հայ թե օտար բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ):
ՊԱՏԱՍԽԱՆ. – 2006 թ. նոյեմբերին նրա սպանությունը նույն ծառայություններից կողմից “polonium 210″ ռադիոակտիվ թույնով, այդ և նրա այլ բացահայտումները օժտում են որոշակի հավաստիությամբ: Հակառակ դեպքում ՌԴ դժվար թե գնար միջազգային նման մի ծայրահեղ սկանդալի` իր հայտնի բոլոր հետևանքներով, իսկ մարդասպան Ա.Լուգովոյն էլ վասն անձեռնմխելիության ընտրվեր պետդումայի պատգամավոր: Այսքան պատահականությունների համար դիակները մի քիչ շատ են… («Реалный Азербайджан» ,29.04.2005).

8. ՀԱՐՑ.Բայց մի՞թե Ռուսաստանին ձեռնտու էր Մեղրիի տարբերակն ու ըստ այդմ` ոճիրը դրա հակառակորդների դեմ: Եվ արդյոք բացի ՌԴ-ից այդ ոճրի մեջ չկայի՞ն շահագրգիռ այլ տերություններ:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Եթե դատենք Մեղրիի համաձայնագիրը երաշխավորող երկրների շահերից (ՌԴ, Ֆրանսիա, Թուրքիա, ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ ), ապա տարածաշրջանում կայունության նկատառումներով այն ձեռնտու էր բոլորին, Ռուսաստանին` ըստ հանգամանքների և երևութապես: Զի այդժամ նա ուներ Չեչնիայի դեմ թիկունքի ու Կովկասում իր ազդեցությունը ապահովելու, ինչպես նաև «ֆորպոստի» հրատապ գերխնդրականներ: Առավել ևս, որ այդու լրիվ մեկուսացած Հայաստանը ինքնաբերաբար ընկնում էր Ռուսաստանի գիրկը (դեռևս 1987 թ. ծրագրված արցախյան կոնֆլիտը, սումգաիթյան ջարդերը և հայ-ադրբեջանական հակամարտությունը այլ բան չէին նկատառում… ): Հյուսիսային` Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի խնդրականը արդիական պիտի դառնար միայն հոկտ. 27-ից և նրա հզորացումից հետո, ինչպես էլ եղավ:
Իսկ ինչ վերաբերում է «Մեղրիի տարբերակի» ներքին շահագրգիռներին, ապա դրանք ակնհայտորեն ղարաբաղյան «կլանն» ու դաշնակներն էին, ինչը հերթական մի «պատակահանությամբ» լրիվ ներդաշնակում էր ռուսական շահերի հետ և ինչն էլ անսքող երևակվեց հետագա տարիներին:

9. ՀԱՐՑ.Իսկ արդյո՞ք ՌԴ-ն և անձամբ Վ.Պուտինը (զի առանց նրա գոնե սոսկ վավերացման նման գործողությունը անհնարին է պատկերացնել) կգնային իրենց դարավոր դաշնակցի նկատմամբ այդպիսի մի ահավոր ոճրագործության, երբ «Միասնություն» դաշինքը նույնպես հակառուսական չէր, ինչը Վ. Սարգսյանը հայտարարել էր նույն 1999 թ. Ա. Գոռի հետ իր բանակցություններում:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Եթե մտաբերենք միջէթնիկական խժդժությունների բորբոքման, պետական այլազան խարդավաքների, ջարդերի և աղետների հրահրման թե կազմակերպման երբեմնի ու նոր կայսրության վերոնշյալ պրակտիկան (Սումգայիթ, Չեչնիա, 1995 թ. ահաբեկչությունը Բաքվի մետրոյում, Վ. Յուշչենկոյի դեմ մահափորձը, Զ. Յանդարբիևի սպանությունը Կատարում, էլ չխոսելով նույն 1999 աշնանը մոսկովյան բնակելի շենքերի պայթեցման մեջ ФСБ մեղսակցության մասին` վասն չեչենական երկրորդ պատերազմի հրահրման և ռուսական կայսրության վերականգնման…),
Վ. Պուտինի «գործակալական» պրոֆիլր, և հատկապես ՌԴ-ի խիստ կենսական շահերը Անդրկովկասում, ապա հոկտ. 27-ի ոճրագործությունը բացառելը կլիներ մանկական միամտություն: Հավանաբար այդ եղել է այնպիսի մի «օգնություն», ինչպիսինը ժամանակին ակնարկել էր Բ.Ելցինը Լ.Տեր-Պետրոսյանին, բայց տվյալ դեպքում ստացվել է շատ բռի և աղմկոտ, ինչպես օրինակ Ա. Լիտվինենկոյի սպանությունը, կամ թերևս Սպիտակի ուժգնությամբ անկանխատեսելի երկրաշարժը26: Բոլոր դեպքերում թե’ ՌԴ-ի, և թե’ հայաստանյան դաշնակիցների համար արդյունքն արդարացվեց, ինչը Դեմիրճյան-Սարգսյան դաշինքի պարագայում անհնար էր անգամ երևակայել: Եվ ի վերջո, նրանք սոսկ ռազմա-քաղաքական գործիչներ էին, մինչդեռ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն ըստ ոմանց` համարյա պրոֆեսիոնալ «չեկիստներ» (27)…

10. ՀԱՐՑ.ՌԴ-ն կամ որևէ այլ շահագրգիռ տերություն ունե՞ին արդյոք անհրաժեշտ միջոցներ կամ ասենք «տեխնիկական» հնարավորություններ նման մի ընդգրկուն ոճիր ծրագրավորելու և Հայաստանում իրագործելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ծրագրավորելու համար` անշուշտ բոլորը, իրագործելու համար` պակաս, իսկ իրագործելուց հետո հետքերն այսպես արդյունավետ մաքրելու համար` համարյա ոչ ոք, բացի…
Նույն սկզբունքով կարող են կրճատվել հնարավոր թեկնածուները: Թուրքիան բացառվում է, զի հակառակ կողմը` տվյալ դեպքում ՌԴ-ն, իր հակահետախուզական ողջ կարողությունը կներդներ ոճրագործության ողջ մանրամասները բացահայտելու (թեկուզ սոսկ հակառակորդի միջոցները լուսահարելու նպատակով ) և արտաքին միջամտությունը առավելագույնս շահարկելու համար28 :
Քիչ թե շատ նույնը կարելի է ասել հնարավոր մյուս երկրների մասին, բայցի ՌԴ-ից, որն հիրավի կարող էր կատարելապես ապահովել նշյալ երեք պայմանները: Նախ ծրագրավորման` ունենալով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ողջ մանրամասնությամբ:
Երկրորդ. կադրային ու տեխնիկական հիմքը, առկա դեռևս խորհրդային ժամանակներից29, ու դեռ վերևներում նոր զորագրումներից, ինչպիսինները իրացրել է Ա. Լիտվինենկոն Ադրբեջանում (տես «Հարց 7»-ում նշյալ աղբյուրը ) և ինչպես ГРУ-ФСБ կարող էին իրենց գործակալներն ունենալ անգամ Շ. Բասաևի խիստ մերձակից շրջանակում: Իսկ երրորդ պայմանի` հետքերը սրբագրելու խնդրականում, որպես ինքնին ապացույց ունենք փառավոր եղելությունը, այս երեք պայմանների հետ էլ չխոսելով խիստ շահագրգռվածության մասին:
Եվ ի վերջո, նման մի ծավալուն, աշխարհաքաղաքականորեն գերկարևոր ու բացահայտման դեպքում ներքին ու արտաքին քաղաքական և դեռ պատմական ծանր հետևանքներով հղի մի գործողություն` այն էլ գործող անձերի և առանձին օղակների միմյանցից անտեղյակությամբ, կարող էր ծրագրավորվել ու կոորդինացվել միմայն արտաքին մեկ կենտրոնից, իսկ առնվազն հսկվեր, թեկուզ բուն գործողությունը կազմակերպվեր տեղում: Զի, Հայաստանի պես փոքր` այն էլ երկպառակտված մի երկրում, և տուժող կողմի քաղաքական գերակայությամբ, ոճրագործությունը անպատճառ կբացահայտվեր հենց սկզբնական փուլում, գործողությունից հետո` երիցս առավել: Ինչ խոսք, եղել են նաև շահագրգիռ, բայց ոճրագործությանը անմիջականորեն անմաս ներքին բարձրաստիճան անձեր ու շրջանակներ, որոնց մասին ծրագրավորողները պիտի քաջատեղյակ լինեին` որպես գործողությանն ու դրա նպատակային արդյունավետությանն անհրաժեշտ «ռազմավարական տեղանքի» և «օդերևութաբանական պայմանների» հետախուզություն:

11. ՀԱՐՑ.Այս ամենը արդյո՞ք ենթադրել են տալիս «հոկտեմբեր 27» գործողության վերաբերյալ Ռ. Քոչարյանի և Վ. Պուտինի նախնական փոխհամաձայնությունը, ասենք վերջինս 1999 թ. սեպտեմբերին Երևան այցելության ժամանակ կամ հատուկ անձանց թե մարմինների միջնորդությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ուղղակի` ոչ անպատճառ: Նման գերլուրջ խնդիրները կարող էին ակնարկվել կամ ենթադրվել բանակցությունների ընդհանուր ենթատեքստում (ինչպես օրինակ Բ.Ելցինի պարագայում): Մնացայլը նույն սկզբունքով կարող էր իրագործվել ենթակաների ու հարակից շրջանակների պատասխանատվությամբ: Այսուհանդերձ, ո’չ Վ. Պուտինը, ո’չ Ռ. Քոչարյանը, և ո’չ մնացյալները չէին կարող հաշվի չառնել գործընկերոջ թե վերադասի վերաբերմունքը նման աղմկահարույց գործողության և դրա միջազգային հետևանքների նկատմամբ: Նույնը նաև ստորադասների պարագայում, իհարկե բացի անմիջականորեն գործող անձերից: Սակայն, նկատի առնելով երկու նախագահների կերպարներն ու բռնատիրական երբեմնի գործելաոճը (30), կարող էր լինել նաև ուղղակի փոխհամաձայնություն, երբ Ջ. Քենեդու պես դեմոկրատը իր համաձայնությունն էր տվել Ֆ. Կաստրոյի դեմ մահափորձի ծրագրում: Տվյալ դեպքում հրահանգը կարող էր լինել հեռատեսորեն անուղղակի, իսկ ծրագրի համաձայնությունը` լռելյայն, ինչն անգամ իրավաբանորեն բոլորովին էլ մեղմացուցիչ հանգամանք չի կարող դիտվել:

12. ՀԱՐՑ.Եթե ընդունենք, որ ոճրագործության ծրագրավորումը և հեռաղեկավարումը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, ապա դրանում որքա՞ն է Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի մեղսակցությունը առանձին-առանձին :
ՊԱՏԱՍԽԱՆ – Նվազագույնը` պաշտոնավարական թերացում, առավելագույնը` գիտակցված մեղսակցություն, բոլոր դեպքերում յուրաքանչյուրի հիերարխիկ պատասխանատվության հարաբերակցությամբ: Այստեղ ևս Ս. Սարգսյանը առանց առնվազը վերադասի համաձայնության չէր կարող ոչինչ ձեռնարկել, իսկ Ռ. Քոչարյանը առանց նրա գոնե իրազեկության դժվար թե համաձայնություն տար ասենք արտաքին նախաձեռնությանը: Առավել ևս, որ բացի ԱԱ նախարարի պաշտոնից Ս. Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի քարտուղարն էր: Եվ երիցս առավել, որ նրանք վաղեմի զինակիցներ էին և երկուսն էլ շահագրգիռ կողմեր` թեկուզ շղթայված վերադաս-ենթակա փոխհարաբերությամբ: Եվ այդ հոկտեմբեր 27-ից հետո բոլոր տարիների ու իրադարձությունների ընթացքում, և մասնավորապես 2008թ. մարտի 1 սպանդի պարագայում, որում հիմնական պատասխանատվությունը կրում է այդժամ ՀՀ նախագահը:

13. ՀԱՐՑ. - Այս ամենում ի՞նչ դեր է ունենցել նախագահական անձնակազմը և մասնավորապես դրա ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանը:

Ալեքսան Հարությունյան

Ալեքսան Հարությունյան

ՊԱՏԱՍԽԱՆ. - Ամբողջատիրական հասարակարգերի նախագահական համակարգում այդ անձնակազմը ունենում է մոտավորապես երբեմնի Կենտկոմի գործառույթ ( հատկապես հետխորհրդային երկրներում և մասնավորապես ՌԴ-ում), անձնակազմի ղեկավարը` գլխավոր քարտուղարի, որից զգուշանում են անգամ նախարարները ( ինչպես հենց Հայաստանում): Նախագահական բնորոշվող այդ կառույցը կենտրոնացնում է ողջ իրական իշխանությունը` ներառյալ ուժային կառույցները և բնականաբար ԱԱԾ: Եվ հենց այստեղ են ծրագրավորվում երկրի ղեկավարությունը, ընդունվում գլխավոր որոշումները, հաստատվում այլերը, կազմվում և պահվում առանձնակի «սև ցուցակներն ու գզրոցը» (ինչպես Մեղրիի պայմանագրի իբր ընդամենը մեկ օրինակը…)`ավելի քան ԱԱԾ-ում կամ հարակից հատուկ գրասենյակներում: Եվ բնական է, որ միջպետական գործառույթները նույնպես խմորվեն այստեղ` ավելի քան ԱրտԳործՆախարարությունում, որը ԱԱԾ-ի և ողջ վարչախմբի պես ՀՀ նախագահից առկախ միայն գործադիր կառույց է: Ահա այս բոլոր առումներով, ավելի քան ԱԱԾ, նախագահականը` իր առընթեր Ազգային Անվտանգության Խորհրդով, պատասխանատու է հոկտ. 27-ի ոճրագործության մեջ: Դրանով է բացատրվում այդժամ ՀՀ նախագահի անձնակազմի ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանի բուն գործառույթը միջադեպի առնչությամբ, ավելին` քան որպես ոճրագործ-նախագահ բանակցության կազմակերպիչ: Եվ որքան էլ փաստագրումները անսահման են, ստորև բերվող խիստ հակիրճ տվյալները ընդունակ են որոշակի պատկերացում տալու բուն եղելության վերաբերյալ.
- Ն. Հունանյանն ու Ալիկ Հարությունյանը միմյանց ճանաչել են 1985 թ. ուսանողական տարիներից:1998 թ. բազմիցս հանդիպել են ուսանողական ակտիվիստների շարժում ստեղծելու առնչությամբ:
- Ըստ երկուստեք ցուցմունքների, 1999 թ. առաջին հանդիպումը եղել է մարտին, խորհրդարանական ընտություններից առաջ, Կառավարական շենքի առջև: Ն. Հունանյանը խնդրել է հանդիպում, Ա. Հարությունյանը տվել է բջջային հեռախոսի անձնական համարը: Հանդիպել են ՀՀ նախագահության շենքում, Ա. Հարությունյանի գրասենյակում: Ն. Հունանյանը խնդրել է իրեն տեղավորել պետական որևէ պաշտոնում: Ընտրություններից հետո Ն. Հունանյանը նորից է հեռաձայնել: Ա. Հարությունյանը պատասխանել է , որ դեռ գործ չկա, բայց ըստ Ն. Հունանյանի, նորից խոստացել, որ «ինքն իր բնավորությանը և խառնվածքին ու ընդունակություններին հարմար մի գործ կգտնի ընթացքում» (այդ ի՞նչ «ընդունակությունների» մասին է խոսքը` ստորև կասի Ն. Հունանյանը, քրգործ հ. N°17, գ.թ. 122):
- Ամռան ամիսներին նրանք կապվում են ևս մեկ քանի անգամ, իսկ սեպտեմբերին` ոմն Մուշեղ Մովսիսյանի խորհրդով (այդ մասին առանձին) ու նրա անունից Ն. Հունանյանը զանգահարում նրան և հանդիպման ժամանակ խնդրում է երաշխիքներ ոճրագործության ծրագրի, Սամվել Բաբայանի ու դեռ այլ ուժերի մասնակցության, և խոստացյալ հատուցումների վերաբերյալ (վարչապետի պաշտոնը: Ուշագրավ է, որ Մ. Մովսիսյանի առնչությամբ Ա. Հարությունյանը ակնարկում է «Հենա գործ գտել ես նրա հետ, էլ ի՞նչ ես ուզում, դրանից լավ գո՞րծ… », նույն տեղում): Խոսակցությունը կարճել է, հրահանգել, իր անունը երբեք չտալ, որ բոլոր մանրամասնությունները կստանա Մ. Մովսիսյանից , ինչը վստահեցրել է ահաբեկչին:
- Ա. Հարությունյանը Ն.Հունանյանին զանգահարում և հանդիպում է հոկտեմբերի կեսերին (ուշադրություն, իմա`13-ից հետո…), տալիս որոշակի և վերջին ցուցումներ, այն են. գործողությունից հետո պահանջել ուղիղ եթեր (որն ինքը պիտի ապահովեր իր նախնական հրահանգով… ), ԱԺ շենքի մոտ հրավիրել «Իրավունք և Միաբանություն», ՀՅԿ, «Օրինաց երկիր» կուսակցություններին (???) ու նաև ում կգտնի հարմար (իմա իր զորագրյալներին… ), հետևել նախորդ և ընթացիկ ցուցմունքներին, իսկ ամենակարևորը` պնդում է Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի չեզոքացման հրամայականը (ոճրից առաջ ճիշտ վերջին վայրկյաններին, ըստ ոմանց նրա անունից նույնը իբր հիշեցնում է նաև Ն. Բադալյանը. «հակառակ դեպքում ոչ մի օգնություն չի լինի» սպառնալիքով: ՉԻ, N°573/ինտեր. 733, 23.06.2008, քրգործ, հատոր N°17, գ.թ. 122-129):
- Ն. Հունանյանը կետ առ կետ կատարում է բոլոր ցուցմունքները, իսկ դեպքերի այլ զարգացումներից հետո բնականաբար, համառորեն պահանջում Ա. Հարությունյանի ներկայությունը հանցավայրում: Այն գալիս է ուշացած, հայտնում ծրագրի փոփոխության մասին և վարում զենքերը վայր դնելու և` Ն. Հունանյանի համառությամբ, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ հանդիպման բանակցությունները:
Վերջին հանգամանքը ուշագրավ է նրանով, որ խաբված Ն.Հունանյանը այլևս ոչ մեկին չէր հավատում, և երկրորդ, որ որքան էլ Ա. Հարությունյանը հրահանգել էր իրեն «հանգիստ թողնել», այնուամենայնիվ Նաիրին և բոլոր ահաբեկիչները լռելյայն նրան ընդունել են որպես «ակտի գլխավոր հրամանատար»…
- Այս ցուցմունքների ու այլ հանգամանքների հիման վրա Ա. Հարությունյանը վերցվում է նախնական կալանքի, նույնիսկ Ն. Հունանյանի հետ առերեսման ընթացքում հասկանալիորեն ժխտում բոլոր մեղադրանքները, իսկ 23 .05.2000 թ., երբ իրավիճակը լիովին տնօրինում էին Քոչարյան-Սարգսյան տանդեմը, վերջին առերեսման ծամանակ Ն. Հունանյանը, ապա 1-2 օր հետո նաև եղբայրը Կարեն Հունանյանը լիովին հրաժարվում են իրենց նախորդ բոլոր ցուցմունքներից , ոչ միայն Ալիկ-Ալեքսան Հարությունյանի` այլև մեղսակից բոլոր նախորդ անձերի նկատմամբ: Եվ միայն այդ հիման վրա, առանց ստուգելու հրաժարման մանրամասները, Ա. Հարությունյանը և այլք ազատ են արձակվում…
26.10.2007 թ. Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի իր ելույթում, ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը որպես հանցավոր այդ ռեժիմի սկզբնավորում նշեց հենց 1999 թ. հոկտեմբ. 27-ի ոճրագործությունը ( և ոչ թե մինչ այդ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը), իշխանական կառույցը բնորոշեց որպես «մոնոլիտ բուրգ», որի գագաթում ստորակարգվում էին Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը և ՀՀ նախագահական անձնակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանը, վերջինս գերակա անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ: Նրան նախորդող Ալիկ-Ալեքսան Հարությունյանին վերագրելով նույն կարգավիճակը, Լ. կազմակերպչական գծով գլխավոր կասկածյալ և «հանգուցային ֆիգուր», իսկ Ն. Հունանյանի մերկապարանոց հայտարարությամբ նրա նկատմամբ գործի կարճումը` առանց այդ վկայության ստուգման` օրենքի կոպիտ խախտում31: Հրապարակային նման ամբաստանքը` այն էլ ՀՀ նախկին նախագահ և դեռ 2008 թ. նախագահական ընտրությունների թեկնածու մի համաշխարհային հեղինակության կողմից անհիմն լինել չէր կարող, զի այդ ինքնին կարող էր քրեական պատասխանտվության առիթ դառնալ հենց հայտարարողի նկատմամբ և շահարկվել իշխանավոր հզոր հակառակորդների կողմից, ինչը հասկանալիորեն նույնպես տեղի չունեցավ:
Եվ ի վերջո, միմիայն նախագահականի գերիշխանությամբ կարող է բացատրվել այդժամ արդեն վարչապետ Ա. Մարգարյանի «ես այդ գործին խառնվել չեմ կարող» չքմեղացումը32, ինչպես նաև 2006 թ. ՊՆախարարության վերին օղակների կողմից նույն հարցով նախագահական
դիմելու հորդորանքը` որպես վերջին միջոց: Իսկ այդ ինչ-որ առնչություն է ակնկալում մեր արտաքսման և հոկտեմբ. 27-ի ոճրագործության միջև:
Մեկ խոսքով, բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահական…

14. ՀԱՐՑ.– Բացի ցայստեղ հիշատակված անուններից, ովքե՞ր են եղել ոճրագործության մոտիկ թե հեռու մեղսակիցները, մասնավորապես նշյալ Մուշեղ Մովսիսյանն ու հարակիցները, և ինչպի՞սի քիչ թե շատ մեղսակցական կապեր կան նրանց միջև :
ՊԱՏԱՍԽԱՆ. - 1997 թ. աշնանը Եվպատորիայից վերադառնալուց հետո, Ն. Հունանյանը փորձել է ուսանողական հին ակտիվիստների հետ ստեղծել Քոչարյանին սատարող վերոնշյալ շարժումը:
Այդ նպատակով հանդիպել է իր հին ծանոթներին - Ռ. Վասիլյանին, Շանթ Հարությունյանին, Մուշեղ Լալայանին (այս անձերին ու շատ այլոց գիտենք անձամբ, ոմանք էլ մեղադրվել են մեր արտաքսման մասնակցությամբ…), այդ թվում նաև Ալիկ Հարությունյանին և ոմն Միսակի, որն էլ նրան ծանոթացրել, է Այգեկ գյուղի գյուղապետ և Սամվել Բաբայանի խիստ մտերիմ Մուշեղ Մովսիսյանի հետ: Այդ հանդիպումներում արծարծվել է Վ. Սարգսյանին չեզոքացնելու և զենք հայթայթելու խնդրականը, որոնք ավելի են որոշակիացել 1999 թ. խորհրդարանական ընտրություններում Մուշեղի պատգամավորությունից հետո: Նա է Ն. Հունանյանին տալիս դահլիճը գրավելու և նրան ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակվելու գաղափարները, հաստատում Վ. Սարգսյանի և Ս. Բաբայանի «տոտալ հակամարտությունը», ահաբեկչությունից հետո Ս. Բաբայանի անմիջական մասնակցությունը, նրան փոխանցում Ն. Հունանյանի գրավոր հարցերն, ապա Հունանյանին` Ս. Բաբայանի վավերացնող պատասխանը (քր. հ.N°17, գ.թ. 74), նշում ակաբեկչության նախապես սահմանված օրը` հոկտեմբեր 13-ին, և նկատելով Ն. Հունանյանի որոշ տարակուսանքը, վսան վստահության առաջարկում կապվել Ալիկ Հարությունյանի հետ:
Նույն թվի սեպտեմբերին, ԱԺ-ում Ն. Հունանյանին է մոտենում պատգամավոր, Ս. Բաբայանի կողմից հովանավորվող «Իրավունք և Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը և զրույցի հրավիրելով նախ հայտնում Ս. Բաբայանի ծրագրից իր տեղեկությանը մասին և նույնպես տալիս երաշխիքներ: Ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, դրանից նա եզրակացնում է Մուշեղ-Բաբուխանյան կապը և ծրագրի հնարավոր համատեղ մշակումը (քր. հ. N°17, գ.թ. 98):
Այլ մեկ վստահություն Ն. Հունանյանը ստացել է դաշնակցական կարևոր դեմք Հրանտ Մարգարյանից, որը նրան հոկտեմբերի սկզբներին զանգահարել է ու հրավիրել զրույցի (մինչ այդ եղել են իբր պատահական այլ կապեր, ավելին` 1991-92 թթ): Հանդիպմանը ընթացքում նա ևս ակնարկել է գործողությունից իր իրազեկության մասին, քաջալերել, և վստահեցրել իրենց աջակցությունն ու օգնությունը տվյալ ձեռնարկում (քր. հ. N°17, գ.թ. 100-101):
Ահա թե ինչու, Ա. Հարությունյանը հորդորել է ոճրագործությունից հետո այդ կուսակցություններին կանչել խորհրդարան, Ն.Հունանյանը փորձել է կապվել վերոնշայլ անձանց հետ, որոնցից Ռ.Վասիլյանը տանը չի եղել, Հ. Մարգարյանը խոստացել` բայց այդպես էլ չի եկել, Հ. Բաբուխանյանը չի կարողացել կապվել Ս. Բաբայանի հետ, իսկ Ա. Հարությունյանն էլ եկել է դժվարությամբ և մեծ ուշացումով, միայն համոզելու համար հանձնվելու կամ Թուրքիա փախչելու այլընտրանքները…
Կա՞ արդյոք անհրաժեշտություն որևէ մեկին համոզելու համար, որ ոճրագործությունը հիրավի ծրագրվել է ամիսներ առաջ (ըստ քննչական եզրահանգման` 1999 թ. գարնանը ), բարձրագույն շրջանակներում, և որից չէին կարող տեղյակ չլինել ՀՀ նախագահը (այն էլ իր ամենավստահելի ենթակայի գործունեությունից, երբ նա անձամբ որևէ շահ չուներ33…), անվտանգության մարմինները և այսքանի հետ նաև արտաքին ծառայությունները, երբ ինչպես հիշատակվեց, Վ. Սարգսյանը բազմիցս զգուշացվել է նյութվող դավի վերաբերյալ, բայց միամտաբար չի հավատացել նման նենգության…

Շարունակությունը

————
23 Ոճրագործության օրը Կ. Պարունակյանը խուճապահար զանգահարել էր մեր բարեկամին և հայտնել, որ իր ենթական ոճիր է գործել ու ինքը «քաշվել» է: Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ այդ «պրոֆեսիոնալի» վարքագիծ չէ: Գուցե հիրավի տեղյակ չի եղե՞ լ, ինչը տարբեր գործառույթներով աշխատակիցների միջև ընդունված կարգ է ու թերևս մասամբ բացատրում է ԱԱՆ երկու Գ.Գ. փոխնախարարների ինչ-ինչ հակասությունները: Առավել ևս, որ ըստ ոմանց, ոճրագործության հետ մոտիկ թե հեռու առնչություն ունեցողներից շատերը միմյանցից անտեղյակ են եղել, մյուսները` հետաքննությունը խճողելու միտումով տվել բոլորովին անկապ անուններ: Հանգամանքներ, որոնք խոսում են ոճրագործության խիստ կազմակերպվածության մասին :
24 « ՀԱՐՑ (քննիչ). - Ըստ Ձեր ցուցմունքի Ս.Բաբայանի հովանավորությամբ եք գնացել նման քայլի, եթե իրոք դա համապատասխանում է իրականությանը, ապա ի՞նչ է Ս. Բաբայանը կամ Մուշեղ (Մովսեսյանը` այլ մեկ մեղսակից: Լ.Մ.) չէին կարող Ձեզ զենքով ապահովել, որ Դուք ստիպված 200 ԱՄՆ դոլար պարտք եք վերցրել, որ ինքնաձիգներ գնեք, ինչ կասեք այս կապակցությամբ:
Ն. Հունանյան.- Երևի ապահովության տեսակետից, որ իրենք ավելորդ անգամ չերևան, գուց նաև հետին միտք էլ կար դրա համար» ( նշյալ քրգործը, հատոր N°17, գ.թ. 70) :
Իրականում, զենքերը եղել են բավականին բազմազան ու բավարար, իսկ ձեռքբերումը` չափազանց խճճված:
25 Ինքնասպանության մասին խոսք չկա, նրա հանցանքը այլոց պես ծանր չէր և նույն պատիժը չէր սպասվում: Սակայն, ըստ ոմանց նա որոշ տեղեկություններ է ունեցել ոճրագործության կատարողների և
պատվիրատուների փոխառնչության վերաբերյալ: Ավելի ուշ, 13.04.2004 թ. ԱԱԾ մեկուսարանում կախվեց ոճրագործության մասնակից, Ն. Հունանյանի քեռին` Վ. Գալստյանը: Դատաքննության ընթացքում նա մեկ անգամ պահանջել էր դռնփակ նիստ և տուժողների իրավահաջորդների ներկայությունը, որտեղ էլ հայտարարել էր ոճրագործության բուն և ծանրակշիռ կազմակերպիչների գոյության մասին` առանց որոշակի անուններ տալու, միայն հուշելով. «այդ բոլորն էլ գիտեն…» (ՉԻ, ինտերնետային N° 759, 13.10.06) :
26 1988 թ. խիստ լարված իրավիճակում Սպիտակի երկրաշարժը կասկածների տեղիք տվեց և ցայսօր մնում է առեղծված: Ավելի ուշ պարզվեց, որ ԽՍՀՄ-ը ուներ նման տեխնոլոգիական սարք, որը հետո վաճառվեց Պենտագոնին, բայց ցուցադրվեց աշխարհի բոլոր հեռուստաալիքներով (նման զենքերի վրա աշխատում են բոլոր հզոր տերությունները…) : Խաղաղ նպատակներով սկզբունքը հետևյալն է. արհեստական փոքրիկ ցնցումներ բորբոքելով մարել երկրակեղևում կուտակված լարումները, որն ըստ փորձագետների կարող է անսպասելի հետևանքներ ունենալ` ինչը թվում է լինել Սպիտակի պարագան: Պարզ է, նման տեխնոլոգիան նախատեսված և կարող էր փորձարկվել միայն սեյսմիկ շրջաններում, ինչպիսինն Անդրկովկասն էր և մասնավորապես Հայաստանը: Վերջերս աղմուկ բարձրացավ ԽՍՀՄ նախին ռազմատեխնիկական մասնագետ Յ. Վոլֆսոնի շուրջ, որը 1993 թ. փորձել էր Անդրկովկասյան օկրուգի զինանոցից հայաստանյան տրանզիտով Իրան (նույնպես սեյսմոակտիվ շրջան, և թերևս վաճառքի միտումով…) անցկացնել ինչ-որ խորհրդավոր տեխնիկա, բայց բռնվել է հայոց սահմանագծում, ներվել և ապա տարիներով աշխատել ՀՀ ԱԱՊՎ-ԱԱՆ համակարգում: Դրա նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոստացել է երբևէ հրապարակել թե ի՞նչ էր այդ խորհրդավոր «սարքը» և ինչ է եղել դրա հետ («Իրավունք», էլեկտ. #97, 22.12.06), որն առայժմ պահվում է որպես «պետական հույժ գաղտնիք»: Մինչ այդ Յ. Վոլֆսոնը այս թոհուբոհում նույնպես դատապարտվեց ու բանտարկվեց… Այնինչ, բոլորովին վերջերս ԽՍՀՄ ՄԽ նախկին նախագահ և Սպիտակի սպիները բուժելու պատասխանատու Ն. Ռիժկովը ազդարարեց երկրաշարժի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու որոշումը, երբ հայերը դրա մասին բնավ չեն էլ մտածում: Հետաքրքիր է, մեծահոգությունի՞ց թե՞ խղճի խայթ է…
27 Ըստ Ա. Կարապետյանի` «Նարիմանով, Պաուկ թե Յուպիտեր» ծածկանուններով, N°120, 26/04/08: Այս և հոկտ.27-ի հետ կապված հայտարարությունների համար նա` ինչպես նաև երբեմնի զինդատախազ Գ.Ջահանգիրյանը 2008 թ. հայտնվեցին ճաղերի հետևում… Իսկ մինչ այդ Ս. Սարգսյանը պարգևատրվել էր ФСБ -ԱԴԾ շքանշանով:
28 2002 թ. Հայաստանում, իբր թուրքական գործակալ ձեռբակալվեց Մուրադ Բոջոլյանը, զավեշտալի
ամբաստանությամբ (տես վերոնշյալ «Դիտորդի վարկածը»): Նրան հետևողն ու բացահայտողը ոչ այլ ոք էր` քան Նաիրի Հունանյանի երկրորդ «տեր»… նույն Կարեն Պարունակյանը, որն ավելի նրան արդարացնելու նկրտում և միաժամանակ «թուրքական հետքի» ամրագրում էր ակնկալում: Ինչ վերաբերում է հայերին Թուրքիայի դեմ լարելու և ոճիրը Թուրքիային վերագրելու շահագրգռվածությանը, ապա դրա նպատակները կարծում ենք հասկանալի են բոլորին, դրսևորվել են հենց արցախյան խնդրականում, իսկ ավելին կդիտարկենք ընթացքում:
29 Վերջերս հրապարակվեցին որոշ մանրամասնություններ ԱԱՆ-ԱԱԾ տեսչության վերջին երկտասնամյակում իրավիճակի և գործունեության վերաբերյալ («Հայկ. ժամանակ», 29.04.2008 թ. ): Հայաստանի անկախացումից հետո հայրենի իշխանությունները որքան էլ ջանային, այդ ծառայություննները ամբողջովին «արյունափոխել» չէին կարող, նախ կադրերի և ապա ազգային կենսափորձի բացակայության պատճառով: Իսկ երբեմնի «չեկիստ» էլ համարյա չեն լինում: Ուստի նրանք առատորեն առկա էին հայրենի ծառայություններում, առավել ևս ռուս սահմանապահների պաշտոնական գործունեության, հայ-ռուսական զորամասերի և ռազմա-հետախուզուկան համագործակցության պարագայում (աստղիկ 17): Ավելին, ըստ հավաստի տվյալների, ԱԱԾ գրասենյակներում կախված են ո’չ ավել, ո’չ պակաս Ֆ. Ձերժինսկու լուսանկարները, ինչը մեկնության կարիք չի զգում: Իսկ 2000 թ. Վ. Պուտինի նախագահ ընտրությանից ետ և Հայաստանում կտրուկ փոփոխությունների հետ, ըստ նույն Կ. Պարունակյանի «ազգային ինքնագիտակցության հրատապությունը» ԱԱԾ համակարգում կարող է բացատրվել ФСБ-ականների նոր մի հեղեղով, ինչն ակնարկում էր ՀԱՄ-ի ռուսամետ առաջնորդը (տե’ս աստղիկ 14):
30 Ռ. Քոչարյանը պարզապես Վ. Պուտինի գավառական տարբերակն է ու նմանակողը: Ուստի, նրանց փոխհասկացողությունը թե փոխհամաձայնությունը հոկտ. 27-ի վերաբերյալ ավելի քան հավանական է: Այդու, ըստ ոմանց, պատահական չէր նաև ոճրագործությունից հետո Պուտինի կայծակնային այցը Հայաստան, ինչը դժվար է պատկերացնել ասենք Ադրբեջանի կամ Վրաստանի պարագաներում…
31 Նախորդ հարցաքննությունների ընթացքում Կ. Հունանյանը անգամ վախեցել է տալ Ա. Հարությունյանի անունը` վստահ, որ նրա թիկունքում բնականաբար կանգնած է նախագահը (ՉԻ, էլեկտ. N°N° 655-657): Վստահ է նաև, որ նույն պատճառով նա և Ն. Հունանյանը ավելի ուշ հրաժարվել են Ա. Հարությունյանի դեմ ցուցմունքներից, միայն որով էլ կարճվել էր նրա դեմ քրգործը :
32 Դեռևս 2002 թ., «Իրավունք» թերթը իր 21 մարտի N°598 համարում, Հայաստանից մեր արտաքսումն աղերսել էր հոկտ. 27-ի ինչ-որ դրվագների հետ : Այդ առիթով` ինչպես նաև մեր հարցը լուծելու ակնկալիքով, կարող որոշ համակիրներ միջամտել էին Արմեն Գևորգյանի հոր մոտ, իսկ նա խորհուրդ էր տվել անմիջականորեն դիմել որդուն: Հեռախոսային մեր խոսակցությունը հույսի որևէ տեղ չթողեց…
33 Խիստ ուշագրավ մեկ միջադեպ: 1999 թ. հոկտ. 30-ին, զոհերի հուղարկավորությունից հետո, ԵԿՄ և «Միասնության» վերնախավը հավաքվում է ՊՆախարարությունում: Վ. Սարգսյանի զինակից, գեներալ Մանվել Գրիգորյանը հեռախոսով Ա. Հարությունյանին հրամայում է գալ ՊՆ, հակառակ դեպքում սպառնալով տանկերը քշել ուղիղ նախագահական: Ա. Հարությունյանը գալիս է հարբած, աղերսում խնայել իրեն ու ընտանիքին, հայհոյում Ռ. Քոչարյանին և մեղադրում նրան ոճրի կազմակերպման մեջ: Այս ամենը թաքուն տեսագրվում է, կրկնօրինակվում և որպես անձնական ապահովության գրավական մեկը պահվում է Մ. Գրիգորյանի, մյուսը` զինդատախազ Գ. Ջահանգիրյանի մոտ` թեև նրանք հավաստում են դրանց ոչնչացումը (ՉԻ, N° 372 28.06.2002 թ.):

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ալեքսանդր Վարպետյան, Հոկտեմբեր 27


  1. Anonymous
    Մարտ 29, 2009 21:01 | #1

    Hoktemberi 27-@ irakanacrel e KGB-n !!! U kani nrank vxtum en Hayastanum, misht el sa en berelu mer glxin.

  1. No trackbacks yet.