> «Համայնք», Ալեքսանդր Աթաբեկեան > ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ - Մաս Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ - Մաս Ա

Ապրիլ 7, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Աթաբեկյան:

Հայկական խնդիրը մի երևոյթ է, որ ունի իւր պատմական և ընկերական պատճառները: Եթե մենք ուզում ենք հետազօտել Հայկական խնդրի արտադրիչ պատճառները մի որոշ և ուղիղ եզրակացութեան հասնելու համար, պարտաւոր ենք հետևել Ասիայի քաղաքակրթութեան զարգացման զանազան ելևէջներին, ուր միայն կարող ենք գտնել այդ խնդրի գոյութեան պատճառները և լուծելու եղանակը. Իսկ ընդհակառակն, եթէ նկատենք Հայոց հարցը որպէս մի տեղական մասնաւոր և ազգային խնդիր մենք բոլորվին թիւր մեկնած կլինենք նրա աղբիւրը և նրա համար առաջարկելի ծրագրում կ’ընկնենք անհեթեթ սխալների մէջ:

Պատմական հին դարերում, երբ Եւրոպան տգիտութեան թանձր խաւարում խորասուզուած էր, արևմտեան Ասիան փայլում էր իւր քաղաքակրթութեան յառաջադիմութեամբ, որի ապացոյցներն են այն բազմաթիւ տխուր աւերակները, որ այսօր հոյակապ յիշատակներ են համարվում: Բարբարոս Եւրոպան լուսաւորութեան առաջին ճառագայթները ընդունեց Ասիայից: Ասիան նրան սովորեցրեց պղինձ հալելը, երկաթ դարբնելը, ընտանի կենդանիներ պահպանելը, և բազմաթիւ բոյսեր աճեցնելը: Ասիայից տարածվեցաւ Եւրոպական լեզուները, սովորութիւնները, զանազան գործիքներ և արհեստներ, ընտանի կենդանիներ և ամենաօգտակար բոյսեր, մէկ խօսքով քաղաքակրթութեան և յառաջադիմութեան հիմք կազմող ծանօթութիւննները, որոնց մանրամասն յիշատակութիւնը մեզ շատ հեռուն կը տանի:

Բայց անգութ ճակատագրի անողոք պատահարների շնորհիւ մենք ստիպուծ ենք վերստին սովորել եւրոպացիներից այն բոյսերի աճեցնելու յարմարագոյն եղանակները, որ մենք էինք նրանց փոխ տուել, այն կենդանիները խնամելու լաւագոյն կերպերը, որ մենք էինք նրանց երկիրը ներմուծել: Վերջապէս մենք պարտաւորուծ ենք դիմել նրանց, ձեռք բերելու համար մարդկային ընկերութեան օգտակար ամեն գիտութիւնները:

Արդարև քաղաքակրթութեան հոսանքը, որ արևելքից դէպի արևմուտք էր դիմում առաջ, այժմ արևմուքից դէպի արևելք է առաջանում հսկայաքայլ:

Հին Ասիան ենթարկվում է Եւրոպայի քաղաքակրթութեան ազդեցութեան: Ասիական ծովափնեայ երկիրները օրից օր աւելի ենթարկվում են այդ ազդեցութեան և աւելի սերտ կապով կապվում Եւրոպայի հետ:
Եւրոպայի այդ քաղաքակրթութեան հոսքը սկսել է թափանցել կամաց կամաց և երկրի խորքը. Ահա այդ հոսանքն է, որ պատրաստում է Արևելքի վերածնութիւնը - վերածնութիւն, որ պատճառ է լինելու սաստիկ փոթորիկների և արիւնահեղ յեղափոխութիւնների, որովհետև նա տալու է մահացու հարված Ասիայի կեղեքիչների դժոխային կազմակերպութեան: Ամեն ժողովուրդ իր յարմարութիւնների և իրեն շրջապատող հանգամանքների ներածին չափ ենթարկվել է այդ քաղաքակիրթ հոսանքին և յառաջադիմել: Այդ յառաջադիմութիւնը երբեմն կատարվում է կամց և աստիճանաբար, որով խուսափում է մեր ակնարկից, բայց և այնպէս ամեն տեղ կայ մի իրական յառաջադիմութիւն:

Ամփոփելով խոսքերիս հայերի մասին, մենք տեսնում ենք ահագին փոփոխութիւն, անհուն տարբերութիւն մեր այսօրուայ վիճակի և այն վիճակի մէջ, ուր գտնվում էինք սրանից ոչ միայն հարիւրաւոր, այլ մի քանի տասնեակ տարի առաջ:
Հայն ունի այսօր իւր գրականութիւնը, իւր մամուլը, որ մատակարարում է նրան եւրոպական քաղաքակրթիչ գաղափարներ. նա ունի իւր ուսումնարանները, որոնց թիւը օրից օր աճում է և որոնք եւրոպական մեթոդներով զարգանալու վրայ են անընդհատ. Պանդխտութիւնը նոյնպէս մի քաղաքակրթիչ դեր է խաղում հայերիս կեանքում: Մայրաքաղաքների և օտար երկրների հայ մշակները վերադառնալով հայրենիք, տանում են իրենց հետ նոր հայացքներ, նոր գաղափարներ: Եւրոպայի հետ մեր ունեցած վաճառականական յարաբերութիւնները և նրանց արդիւնաբերութիւնը մեզանում մուտք գործելը տակն ու վրայ է արել մեր առօրեայ կենցաղավարութիւնը, մեր ճաշակը նրբանում է և մեր պահանջները աւելանում են օրից օր, թէպետ նրանց բավականութիւն տալու միջոցները գոյութիւն չունեն:

Մի քանի հեռագրական թելեր, սակավաթիւ խճուղիներ ծառայում են մեր երկրին, դիւրացնելով յարաբերութիւնները և արագացնելով նրա նախկին կեանքի յեղաշրջումը:

Վերջապէս յեղափոխական պրօպագանդան, որ երթալով զարգանում է և տարծվում, մի ահագին դեր է խաղում հայ ժողովրդի կեանքում: Կենդանի ձայնը միացրած տպագրական խոսքի հետ, կերպարանափոխում են ժողովրդի մտավոր աշխարհը:
Չը կարծուի որ մենք լաւատես ենք կամ գոհ տեղի ունեցած յառաջադիմութիւնից: Մենք շատ լավ գիտենք, որ մեր գրականութիւնը, առաջին՝ պէտք եղած ծավալը և բարձրութիւնը չունի և երկրորդ, որ աւելի գլխաւորն է, ժողովրդի մեծամասնութիւնը չի օգտվում նրանից. Էլ չենք ուզում խօսել բռնաւորների և հարստահարիչների ոտքերը լիզող ստորաքարշ թերթերի մասին: Մենք ամեն օր տեսնում ենք, որ մեր դպրոցները թէ իրենց թւով և ուղղութեամբ ժողովրդի պահանջներիրն բաւականութիւն տալուց շատ հեռու են, և մեր արդիւնաբերոծ ժողովրդի մեծամասնութիւնը գրել-կարդալ չի իմանում:

Մենք համոզվուծ ենք, որ Եւրոպայի հետ հայերի ունեցած վաճառականական յարաբերութիւնները մի նոր միջոց են դարձել հարստութիւն դիզելու համար իրենց խղճմտանքը ծախող հայ և եւրոպացի չարչիների կեանքում:
Այն մի քանի հեռագրական թելերը և ճանապարհները պատերազմական նպատակով շինուղ լինելը շատ լաւ գիտենք. Գիտենք ևս, որ մեր թշնամին մեզ ճնշելու և կողոպտելու համար օգտվում է այդ թելերից և ճանապարհներից հրացան ու փամփուշտ փոխադրելով Կարին, Ալաշկերտ գնդակի տեղ-տարափ բռնելու, թնդանօթներ քաշ տալով Սասունը ռմբակողելու համար:
Վերջապէս մենք գիտենք, որ մեր ժողովրդի զանազան նախապաշարումները դեռ կենդանի են և ստրկական ոգին տիրում է նոցա սրտին:

Այ՛ո, մենք գիտենք այս բոլորը, բայց և այնպէս ուրախութեամբ նկատում ենք այն փոփոխութիւնը, այն շարժումը, որ սկիզբն ու սկսբնապատճառն է հայ ժողովրդի վերածնութեան:
Այդ փոփոխութիւնը, այդ շարժումը քիչ թէ շատ մենք տեսնում ենք արևմտեան Ասիայի ուրիշ երկրներում ևս:
Արևմտեան Ասիայի վերածնումը մօտալուտ է: ՄԻ ահռելիի յեղափոխութիւն, որ պիտի պայթի Օսմանեան կայսրութեան գլխին, պիտի ծնի այդ խարխուլ պետութիւնը կազմող բոլոր ազգերի և ժողովրդների ազատութիւնը: Արևելեան խնդիրը, որ Եւրոպայի պետական մարդոց ուղեղը այնչափ յոգնեցնելուց յետոյ ոչ մի լուծում, ոչ մի ելք չունեցաւ, պիտի լուծուի բնիկ ազգի ձեռքովը: Մի ահագին յեղափոխութիւն պիտի փշրէ այդ Կորդեան հանգոյցը և բացարձակ ազատութիւն պիտի շնորհէ այդ հանգոյցով կաշկանդուած բոլոր ժողովուրդներին:
Եւրոպայի քաղաքակրթիչ հոսանքի ազդեցութեամբ սկիզբն առաւ այդ շարժումը, ինչպէս ուրիշ ժողովրդների, նոյնպէս և հայ ժողովրդի սրտում. Այդ հոսանքի ազդեցութեամբ հայ ժողովուրդը քայլում է դէպի յեղափոխութիւն, որը ուրիշ նպատակ չունի, եթե ոչ՝ տնտեսական բացարձակ ազատութիւն, որը միակ իդեալն է եւրոպական քաղաքակրթիչ հոսանքի
(Շարունակելի)
«ՀԱՄԱՅՆՔ» թիվ 2, Մարտ 1894

Ցավոք այս պահին այս հոդվածի շարունակությունը մեր ձեռքի տակ չէ - Պայքար :

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

«Համայնք», Ալեքսանդր Աթաբեկեան


  1. Տիգրան Մեծ
    Ապրիլ 7, 2009 18:28 | #1

    Սա ոչ թե՛ Հայկական խնդիր է՞, այլ անկապ խնդիր է՞, որը ներկա աշխարաքաղաքական
    տեսանկյունից ոչ մի կապ չունի՞ Հայոց պետականության համար, քանի դեռ չկա Հայ ժողովուրդի միասնական կամքը ներկայացնող կառավարություն ։
    Այս հոդվածը՛ իրատեսական և ըմբռնելի կլինի՞ միայն ու միայն երբ Հայ ժողովուրդը նորից
    կունենա 1998 - 2003թթ.-ի համազգային զարթոնքը,իսկ ներկա ժամանակվահատվածում
    պետք է լուծել միայն մեկ խնդիր, օր առաջ ազատվել ներկայիս ազգասպան , ազգպառակտող, տականք իշխանիկներից , որոնք հանուն իրենց բարեկեցության համար պատրաստ են անգամ գործարքի մեջ մտնել նաև սատանայի’ հետ ։

  2. Ապրիլ 7, 2009 18:46 | #2

    Հոդվածը տպագրվել է 1894 թվականին «Համայնք» թերթում: Ուղակի հետաքրքիր է տեսնել, որ ավելի քան մեկ դար հետո դեռ գտնվում ենք ստրկական լծի տակ: Ընդհանուր վերձրած շատ բան չի փոխվել:

  3. Ապրիլ 7, 2009 19:28 | #3

    Ահա թե ինչքան առաջընթաց ենք ապրել: Զրո՛:

  4. Anonymous
    Ապրիլ 7, 2009 23:17 | #4

    miguce arje nayev pordzel aveli layn spektrov nayel, te vorn e ayd “ազգասպան , ազգպառակտող, տականք իշխանիկների” goyutyan patjar@? Inchu en nrank aydkan kensunak? tasnamyakner en ancnum, sakayn ayd tesak@ voch te kchanum e, ayl bargavajum u caxkum, isk zugaher erkir@ korcnum e ir ankaxutyan pshrankner@. karajarkeyi kardal http://www.tert.am/am/news/2009/04/06/ussr/ hodvac@. ayd “MEC u VEH” npataki hamar ashxatum e mi amboxj hamakarg, isk mer hayazgi vijvackner@ parzapes ayd hamakargin dzerntu en. Miayn ayd hamakargi hovanu nerko e vor ayd vijvackner@ iragorcum en Hoktemberi 27 ev Marti 1 u anpatij u lkti kerpov aprum u sharunakum bargavajel hayastanum. Ayd hamakargi anunn e KGB, yev ayn petk e armataxil arvi hay irakanutyunic, hakarak depkum erkir shutov chenk unena. KGB-i arxivner@ petk e bacven, ev sovetakan miutyan yev rusastani bolor gorcakalner@ petk e heracven hamakargic yev kaxakakanutyunic. Ayl janaparh chka. Vorkan shut Azgayin Kongres@ da dardzni ir arajnahert cragreric mek@, aynkan lav.

  1. No trackbacks yet.