> Ավազակապետություն, Ընդհատակյա, Քաղբանտարկյալներ > ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:

Մարտի 24-ին երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում:

Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 “Զանգվածային անկարգություններ” եւ 225.1 “Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը” հոդվածներով: Այնուհետեւ, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան:

Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը մինչեւ երեկ գտնվել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների: Սակայն, ոստիկանությունը որոշել է նրան եւս տեղափոխել ձերբակալվածների պահման մեկուսարան: Երեկ երեկոյան Երեւանի հյուսիսային պողոտայի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել վեց քաղաքացիներ, որոնք մասնակցել են քաղաքական զբոսանքին կամ առնվազն ոստիկաններն են այդպես ենթադրել: ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ մի խումբ քաղաքացիներ երեկ մինչեւ ուշ գիշեր փորձում էին ոստիկանությունից պարզել, թե ինչ հիմքով եւ ում են ոստիկանները բերման ենթարկել, սակայն, ապարդյուն: Ոստիկանության Կենտրոնի բաժնի դուռը ներսից փակված էր եւ դռան այն կողմում գտնվողները հարցերին չէին պատասխանում: Մեզ հաջողվեց պարզել միայն բերման ենթարկվածներից երկուսի անունները` Մուշեղ Միլիտոնյան եւ Արմեն Բաղդասարյան: Ի դեպ, Ոստիկանության Կենտրոնի բաժնում ավանդույթ է դարձել, որ երբ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամները եւ լրագրողները գնում են այնտեղ, որպեսզի պարզեն, թե ում եւ ինչ հիմքով են բերման ենթարկել, ոստիկանները նրանց տեսնելուն պես օպերատիվ կողպում են մուտքի դուռը ու հրաժարվում իրենց ուղղված հարցերին պատասխանել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա, Քաղբանտարկյալներ