ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄՏՔԵՐ
20-25 օր է` Հայաստանում ոչինչ չի կատարվում: Գոնե արտաքուստ:
“Կիրակնօրյա Հայլուրը” սկսվում ու ավարտվում է 20 րոպեում: Քաղաքական կյանք չկա: Մեռած է: Հայաստանում քաղաքական կյանքը սպանվեց մարտի 1-ի դեպքերի արդյունքում: Հիմա “Բաղդադում ամեն ինչ կարգին է”: Փողոցներով գնում-գալիս են մարդիկ, որոնք ձեւ են անում, թե ամեն ինչ կարգին է, թե հրապարակներում կանգնած զինվորներն իրենց պետքն էլ չեն, թե շարունակում են Հայաստանում ապրել այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ, ապագայի երկարաժամկետ պլաններ են կազմում, չեն անհանգստանում իրավիճակի վերաբերյալ, բայց տներում ու նույնիսկ ավելի խորը` մարդկանց ուղեղներում փոթորիկ է: Ես գիտեմ մարդիկ, որոնք երբեք իրենց կյանքը չեն պատկերացրել Հայաստանից դուրս, բայց հիմա արդեն պատկերացնում են, սկսել են մտածել: Բա որ ամբողջ հայ ժողովուրդը հավաքվի, թողնի գնա Հայաստանից, դուք ավերակաց ո՞նց պիտի կառավարեք: Պարզ է, որ բոլորն էլ գիտակցում են, որ այսպես երկար շարունակվել չի կարող, որ արհեստածին, միայն պահի խնդիրները լուծող կոալիցիաներով այլեւս մեր շատ բան տեսած ժողովրդին չես խաբի, բայց ոչ մեկը չի պատկերացնում, թե որն է ելքը, այսինքն` գիտեն, բայց չեն պատկերացնում, թե այդ փրկությունը որտեղից պիտի գա: Լարը ձգված է անհնարինության աստիճան, ու ավելի ձգել այն ոչ մի խելամիտ մարդ հանձն չի առնի:
Խոսում են այն մասին, որ Ազատության Հրապարակում մարդկանց նեյրոլինգվիստիկ մշակման են ենթարկել: Ու այդ մարդիկ իրենք էլ չեն հասկացել, թե ինչու են կանգնած հրապարակում, հետո էլ չեն հասկացել, թե ինչ են անում Ֆրանսիայի դեսպանատան առաջ: Ու այդ մշակումն այնքան ուժեղ է եղել, որ 20 օր անց էլ նրանք չեն հասկացել, թե ինչու են գնում մոմավառության: Հայաստանում, փաստորեն, 350 հազար զոմբիներ են ապրում` պաշտոնական տվյալներով: Ու նրանց օգնելու համար տարբեր հոգեբաններ` Նալչաջյան, Աղուզումցյան եւ այլն, հեռուստաէկրաններից սեանսներ են անցկացնում, փորձում են համոզել, որ ոչինչ էլ չի եղել, որ ոչ ոք չի բռնացել ժողովրդի խաղաղ կամարտահայտության վրա, որ նրանց չեն ծեծել, չեն էլեկտրահարել` ոչ իրենց պես մտածելու համար, մի խոսքով` մոռացեք: Վերադարձեք անցյալ ամռան ապրումներին, վերհիշեք, թե ինչ էիք զգում այն ժամանակ, մոռացեք այս ընտրությունները, մոռացեք այս դեպքերը, եղեք երջանիկ: Ես, գիտեք, հաճույքով, բայց չեմ կարող: Ու առավել եւս դժվար կլինի այն մարդկանց համար, որոնց տան անդամները, հարազատները, բարեկամները, հարեւանները անցած ամառ իրենց հետ էին, իսկ այսօր արդեն` ոչ: Նրանք իրենց ոչ մի կերպ չեն կարող համոզել երջանիկ լինել, որովհետեւ երկրում ինչ-որ բան լուրջ խաթարվել է, ու հեռուստատեսային հիպնոսով, առավել եւս` անտաղանդ ձեւով մատուցված, դա ոչ մի կերպ ուղղել չի լինի:
Տիգրան Կարապետյանին հարգեցի: Մարդը խոստովանեց, որ թեպետ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից չէ, բայց ստիպված է ընդունել, որ այսօր Հայաստանում նա է ընդդիմությունը: Մարդը նախորդ ասուլիսներից մեկում էլ շատ ճիշտ նկատել էր, որ կոալիցիա կազմելու առաջարկը Սերժ Սարգսյանը վաղուց էր արել, դեռ մինչեւ ընտրությունները, ու թեկնածուների մեծ մասը այդ առաջարկն ընդունել էր: Ես էլ ստիպված եմ խոստովանել, որ թեկուզ երբեք “ԱԼՄ”-ի լուրերը չեմ դիտել, բայց այսուհետ ստիպված եմ լինելու դիտել, որովհետեւ կարծես թե այլեւս “ԱԼՄ”-ն է մնացել այն միակ հեռուստաալիքը, որ իշխանությունների կողմից վերահսկվում է ոչ 100 տոկոսով:
Քաղաքական ընդդիմությանը փաստացի զրկել են պայքարի բոլոր ձեւերից: Հայաստանի բնակչության 25 տոկոսը քաղաքակիրթ պայքարի բոլոր ձեւերից զուրկ է: Հեռուստաեթերը փակ է նրանց առաջ, թերթերը, բացի մի քանիսից, ոչ միայն նրանց տեսակետները չեն հրապարակում, այլեւ կատաղի հակաքարոզչություն են իրականացնում: Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ եթե մարդուն անընդհատ ուղղորդված նույն բանն ես ասում, նրա մեջ զարթնում է քեզ հակադրվելու անզուսպ ցանկություն. հոգեբանության մեջ դա նույնիսկ հատուկ անուն ունի` հակադրվելու մոլուցք: Ընդդիմության առաջ փակում են նաեւ միտինգների միջոցով ընտրողների հետ շփվելու ճանապարհը: Միտինգ արգելելով` խնդիրը չի լուծվում, ատելությունը, դժգոհությունը, որ կա մարդկանց հոգիներում, ոչ մի տեղ չի անհետանում, այն միայն հարմար պահի է սպասում` դուրս հորդալու համար: Ու հայտնի չէ, թե ինչ պահի կամ որտեղ այն դուրս կհորդա: Երբ փակ են քաղաքակիրթ պայքարի ուղիները, մարդիկ փնտրում են ոչ քաղաքակիրթ ձեւեր` իրենց բողոքն արտահայտելու: Ու եթե նախկինում լարը ձգում էին երկու կողմից` Տեր-Պետրոսյանն ու իշխանությունները (նաեւ գեղամյանատիպ ու արթուրբաղդասարյանատիպ արարածներ, որոնք այսօր դժվար թե զգան իրենց մեղքը կատարվածում, զգան էլ` քաջություն պիտի չունենան հայտարարելու), ապա հիմա լարը միակողմանի ձգում են իշխանության կողմից: Իսկ լարը անվերջ չի կարող ձգվել, մի օր մի տեղից անպայման պիտի կտրվի:
Հայաստանը կդառնա քաղաքակիրթ երկիր միայն այն ժամանակ, երբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ կտա հրապարակավ ներողություն խնդրել մարդկանցից, եթե ինչ-որ բան այնպես չի արել: Այնպես, ինչպես օրերս ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ժպտալով ներողություն խնդրեց դեմոկրատ թեկնածուներ Քլինթոնից ու Օբամայից` նրանց անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակելու համար: Այ, հենց որ մեր պաշտոնյաները կարողանան ներողություն խնդրել այն բանի համար, որ ինչ-որ բան այնպես չեն արել, համարեք, որ առաջին քայլը արված է քաղաքակիրթ երկիր դառնալու ճանապարհին: Քանի որ չկա ավելի դժվար ու միաժամանակ ավելի հեշտ բան, քան ներողություն խնդրելը, սկզբում շատ դժվար է ինքդ քեզ համոզել, բայց փոխարենը խնդրելուց հետո դառնում է շատ հեշտ ու թեթեւ:
Ադրբեջանն իրեն շատ լավ է զգում. Հայաստանում անկայուն վիճակ է, իրենք նույնիսկ շփման գծում են սկսել ակտիվանալ, նախահարձակ են լինում, ո՞վ իրենց կմեղադրի ոչ ժողովրդավար երկրի վրա ոտնձգություն կատարելու համար, համենայնդեպս` շատ չեն մեղադրի: Բայց նեղվել պետք չէ: Մեզ շատ չի մնացել տարածաշրջանի ամենավայրենի երկիրը լինելու բեռը կրել: Մի քանի ամիս դիմանանք, հետո Ադրբեջանում էլ են նախագահական ընտրություններ լինելու, Իլհամն էլ մի երկուսին տոկի կտա ու կնստացնի, ու իրենք էլ կհասնեն մեզ: Ժողովրդավար կմնա միայն Վրաստանը, որտեղ կարելի է հանգիստ ամիսներով նստացույց ու հացադուլ անել, նույնիսկ ԱԺ նախագահի ընդունարանում մեռնել սովից, ու ոչ ոք քեզ չի ծեծի, չի էլեկտրահարի, քարշ չի տա բանտերը: Ահա թե ինչ մեծ համբերություն կարող են ունենալ այլ երկրների ղեկավարները (պատասխան Ռ. Քոչարյանի հարցին):
Ինչպես հայտնի է, վերեւ կարելի է հասնել երկու ձեւով` թռչելով եւ սողալով: Ափսոս, որ այսօր վերեւներում շատ քիչ են մարդկանց առաջին խմբին պատկանող պաշտոնյաներ: Եթե շատ լինեին, ամեն ինչ կարող էր եւ այլ կերպ վերջանալ:









ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ