Ո՞Վ Է ՀԻՊՆՈՍԻ ՏԱԿ
Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառության մեջ գցված ամենահանճարեղ «միտքն» այն էր, թե անցած ամիսների ընթացքում ժողովուրդը միտինգներում հնչող ելույթների ազդեցության տակ ընկել է «հոգեխանգարմունքների» մեջ, հիպնոսացվել է, զոմբիացվել է եւ այլն:
Ինչ խոսք, գերհարթ ուղեղ ունեցողների համար հանուն իր ազատությունների ամեն օր հանրահավաքների մասնակցող բազմահազար մարդկանց գործողությունները որեւէ այլ բացատրություն չեն կարող ունենալ: Հարթուղեղների համար ազատությունը անհասկանալի ինչ-որ սուբստանցիա է, որը հնարավոր չէ խաշի սեղանի շուրջ փաթաթել լավաշի մեջ ու ուտել: Եւ եթե մարդ պայքարում է մի բանի համար, որը հնարավոր չէ ճխտել ստամոքսի մեջ, ապա հարթուղեղների տեսանկյունից նման մարդիկ կա°մ հոգեկան հիվանդներ են, կա°մ հիպնոսացված են, կա°մ էլ հոգեխանգարմունքի մեջ են: Լավ, ազատության պարագայում չկան հստակ ցուցանիշներ, հնարավոր չէ այն չափել կշեռքով կամ մետրով: Այլ բան է տնտեսությունը: Այն ունի ցուցանիշներ, որոնցով կարելի է գնահատականներ տալ: Եւ ուրեմն, ի՞նչ կարծիքի են հարթուղեղները տնտեսության մասին: Տնտեսության հետ ուղղակի առնչություն ունեցող մեր շատ պաշտոնյաների հետ զրույցներից իրոք այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կան հիպնոսի եւ «հոգեխանգարմունքների» մեջ ընկած մարդիկ: Բայց դրանք ամենեւին էլ միտինգավորներ ու ցուցարարներ չեն, այլ, ինչպես նշեցինք, ռեժիմին հավատարիմ ծառայող պաշտոնյաներ: Տնտեսության արդի վիճակի մասին խոսելով` վերջիններս անկեղծորեն փորձում են համոզել դիմացինին, որ մեր տնտեսությունն անշեղորեն զարգանում է, երկիրը տնտեսապես ամրանում է եւ այլն: Եթե նման պնդումներ է անում տնտեսական ցուցանիշներին միայն «Հայլուրից» տեղյակ սովորական քաղաքացին, ապա դա հասկանալի է: Բայց երբ այդ պնդումներն անում են, ասենք, հարկայինի աշխատողները, առեւտրի եւ տնտեսական զարգացման կամ ֆինանսների նախարարությունների պաշտոնյաները, ապա այստեղ արդեն, իրոք, հիպնոսի տարրեր են երեւում: Օրինակ` նման պաշտոնյաների հետ զրույցում ասում ես, որ տնտեսության վիճակը շատ վատ է, որովհետեւ Հայաստանից արտահանումն աճել է ընդամենը 2,5 տոկոսով, իսկ ներմուծումը` 37 տոկոսով: Ի՞նչ կարելի է հակադարձել նման պնդմանը: Անգամ ոզնուն է հասկանալի, որ եթե քո երկիր 15 անգամ ավելի շատ է ապրանք ներմուծվում, քան արտահանվում, ապա երկրի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, իսկ շիտակ ասած` շատ վատ է, չափազանց վատ: Բայց դա ոզնու մասին է: Իսկ վերը նշված պաշտոնյաներից մի քանիսը հակադարձում են հետեւյալ կերպ. «Ի՞նչ է, վա՞տ է, որ մարդիկ ավելի շատ ու ավելի թանկ ապրանքներ են կարողանում գնել, ու Հայաստան է ներմուծվում ավելի շատ ու ավելի թանկ ապրանք», ու համոզված են, որ իրենք բանավեճում հաղթել են: Չէ, իհարկե, լավ է, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանում է: Բայց նման պաշտոնյաներն իրենց երբեւէ հարց տվե՞լ են, թե այդ ինչի՞ հաշվին է, որ կենսամակարդակը բարձրանում է, արդյո՞ք այդ բարձրացումը կապ ունի մեր տնտեսության հետ: Շուտով պարզում ես, որ երբեք իրենք իրենց այդ հարցը չեն տվել: Շարունակում ես զրույցը, ասում ես, որ բնակչության կենսամակարդակը պայմանվորված է ոչ թե մեր տնտեսության լավ կամ վատ լինելով, այլ պայմանավորված է այլ երկրներում աշխատող նրանց բարեկամների ուղարկած գումարների ընդհանուր ծավալով, որն էականորեն գերազանցում է մեր տարեկան պետական բյուջեն, որ մարդիկ արտասահմանից ստացած փողերով գնում են խանութից ապրանք են առնում, ու հենց դա է պայմաններ ստեղծում, որ Հայաստանում գոնե ինչ-որ բան արտադրվի, որ մենք, ըստ էության, միայն սպառում ենք եւ այդ պատճառով չենք կարողանում արտադրել մրցունակ ապրանքներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Եւ լրագրողի արտահայտած ընդամենը այս մի քանի նախադասությունն աննկարագրելի ազդեցություն է թողնում վերը նշված պաշտոնյաների վրա: Նրանք կարծես արթնանում են քնից, սկսում են իրենք էլ վերլուծություններ անել, ասենք, իրենց հարեւանի արտադրամասի օրինակով… Մի խոսքով, սկսում են ուրիշ հայացքով նայել իրենց շրջապատող իրականությանը: Եւ այստեղ հասկանում ես, որ այդ մարդիկ իրոք հիպնոսի մեջ են: Նրանք չունեն որեւէ տեղ` բանավիճելու, չունեն այլ կարծիքներ լսելու հնարավորություններ: Նրանց պարզապես արգելել են լսել հակառակ տեսակետներ: Նրանց ներշնչել են, որ իշխանության տեսակետին չհամընկնող կարծիք արտահայտող յուրաքանչյուր մարդ կա°մ հանցագործ է, կա°մ ազգի թշնամի, կա°մ դավաճան, կա°մ «ցեեռու»-ի ագենտ, որի միակ նպատակը մեր ծաղկող ու բարգավաճող տնտեսությամբ երկիրը թուրքերին կամ ճապոնացիներին հանձնելն է: Եւ բոլոր նրանք, ովքեր «ներշնչված» են այս գաղափարներով կամ հարթուղեղներ են կամ, լավագույն դեպքում, իրոք հիպնոսի մեջ են, հայլուրածին զանգվածային փսիխոզի զոհ են դարձել եւ հայտնվել «հոգեխանգարմունքի» մեջ: Ախր, պարզ ցուցանիշներ են: Կարելի է, չէ՞, պարզ թվաբանական գործողություններ կատարել, համադրել դրանք դասական տնտեսագիտական կանոնների հետ եւ պարզել, որ արծաթե սկուտեղի վրա իրենց մատուցվող ցուցանիշներով երկրի տնտեսության մասին չի կարելի պատկերացում կազմել ու այդ պատկերացումների հիման վրա ծառայել մի փոքրաթիվ խումբ մարդկանց անհագ ցանկություններին: Եթե իրականությունը պարզելուց հետո շարունակում ես ծառայել, ուրեմն` դու հիպնոսի տակ չես, եւ քեզ ոչ թե արթնացնել է պետք, այլ պատժել որպես հանցագործ` օրենքով սահմանված կարգով: Երրորդ տարբերակ չկա:









ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ