> Ավազակապետություն, Ընդհատակյա > ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:

Ժողովրդի դեմ իշխանության ծրագրած հերթական օպերացիան էլի տապալվեց:
Հյուսիսային պողոտայում արդեն մի քանի օր ոստիկանության կողմից իրականացվող մարդագողությունը, որի հիմնական նպատակն էր` վախեցնել քաղաքական զբոսանքի մասնակիցներին, ոչ մի կերպ չի ստացվում: Յուրաքանչյուր քաղաքացու գողություն վեր է ածվում կոմեդիկ մի տեսարանի: Բոլորովին պատահական ընտրությամբ գողության առարկա դարձած մարդիկ ոստիկանական մեքենա են նստում կա°մ ծիծաղելով, կա°մ հպարտությամբ: Ու ինչպես նախօրեին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էր ասում, նույնիսկ ծիծաղելի է, որ իշխանությունները հավատում են, թե իրենք կարող են որեւէ կերպ վախեցնել ժողովրդին: Դրա վառ ապացույցը, ըստ նրա, մարտի 1-ի դեպքերն են: «Իշխանությունները պիտի վաղուց հասկացած լինեն, որ սա արդեն 1 տարի առաջվա ժողովուրդը չէ: Եւ այս ժողովուրդն իշխանություններից չի վախենում, որովհետեւ երբ ի դեմս այս իշխանության տեսնում է գողի, ավազակի, հանցագործի, օրինախախտի, իր բնական ռեակցիայով փորձում է պաշտպանվել: Եւ դա իր իրավունքն է»,- ասում էր Լյուդմիլա Սարգսյանը: Ու եթե իշխանություններն այս տեմպերով շարունակեն մարդագողությունը, առաջիկայում կարող է շատ ավելի մեծ թվով ոստիկաններ սկսեն չենթարկվել ոստիկանության վերնախավի հրահանգներին, ինչպես դա եղավ մարտի 1-ի դեպքերի օրը: Երեկ ՍԴՀԿ ատենապետն ասում էր, որ նախօրեին բազմաթիվ ոստիկաններ անհարմար էին զգում Հյուսիսային պողոտայում իրականացված օպերացիայից հետո, եւ դա արտահայտված էր նրանց դեմքի վրա: Ի դեպ, երեկ ոստիկաններն իրենց շատ ավելի նորմալ էին պահում: Եթե նախօրեին նրանք ոլորում էին մարդկանց թեւերը կամ բավական կոպիտ ուղեկցում ոստիկանական մեքենաներ, երեկ պարզապես մարդկանց հրավիրում էին դեպի մեքենա եւ հանգիստ տանում: Միայն մի կին բավական ծանր տարավ, երբ իր քրոջ որդուն նստեցրին ոստիկանական մեքենան: Կինը կանգնել էր մեքենայի դիմացը եւ ասում էր, որ թույլ չի տա տղային տանեն: «Քշեք վրաս, չեմ թողնի տանեք»,- ասում էր նա: Ոստիկանները, սակայն, նրան ուժով մի կողմ տարան, ու մեքենան հեռացավ: Եթե նախօրեին բերման էին ենթարկվել մոտ 50 հոգի, երեկ բերման ենթարկվածների թիվը 21 էր: Սկզբում սկսեցին հավաքել տղամարդկանց, որոնց թվում էին նաեւ լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, իսկ հետո անցան կանանց: Այս պրոցեսին հետեւում էր նաեւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության արտակարգ իրավիճակների թիմի ներկայացուցիչը: Բերման ենթարկվածներին, սակայն, ի տարբերություն նախորդ օրերի, Կենտրոնի ոստիկանություն չբերեցին, որպեսզի Հյուսիսային պողոտայից մարդիկ կրկին չտեղափոխվեին ոստիկանության շենքի մոտ: Երեկ մարդկանց մեծ մասին սկզբում տարան Շենգավիթի ոստիկանություն, իսկ հետո սկսեցին տեղափոխել իրենց բնակության վայրի ոստիկանական բաժանմունքներ: Երեկոյան Շենգավիթի ոստիկանությունից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հայտնել էին, որ բոլորին շուտով բաց են թողնելու: Ի դեպ, ազատ էին արձակվել նաեւ նախօրեին բոլոր բերման ենթարկվածները: Երեկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունում բոլորին պրոֆիլից նկարել են, իսկ վերջում բոլորից (բացի ՍԴՀԿ ատենապետից) մատնահետքեր են վերցրել եւ հետո նոր բաց թողել: Իսկ մի քանի բարձրաստիճան ոստիկաններ իրենց բավական վատ են պահել: Մասնավորապես, երբ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ իր փաստաբանը եկել է, թողեք ներս գա, ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանն ասել է, որ եթե նպատակահարմար տեսնեն, ներս կթողնեն, բայց իրենք ոչ մի նման ցանկություն չունեն: «Ի՞նչ է նշանակում մոտ 50 հոգու հենց այնպես, առանց հիմնավորումի, առանց արձանագրության բերման ենթարկեն, առանց խուզարկություն իրականացնելու վերջում նկարեն մարդկանց, մատնահետքեր վերցնեն, նոր ազատ արձակեն: Ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Բոլոր իրավունքները խախտված են: Եւ երբ փորձում են ինչ-որ մի բանում մեղադրել ընդդիմությանը, թե սրա իրավունքը չունեք, այս եք արել, այն եք արել, անօրինական է, նախ թող անդրադարձ կատարեն` այս ամբողջ պրոցեսի ընթացքում ով է իրական իրավախախտը: Միայն եւ միայն իշխանությունը: Եւ այդ խախտումը կատարում են ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ, այլ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ: Եւ թող գիտակցեն, որ դա անհետեւանք չի անցնելու, երբեք դա իրենց չի ներվելու: Ժողովուրդը չի ներելու իրենց: Մեզ համար ակնհայտ է, որ իշխանությունը քանդվում է: Թող մեկ ամիս էլ ինչ-որ ձեւով պահպանեն բռնի ուժի օգնությամբ: Բռնի ուժն ամեն օր կիրառել անհնար է: Ռեսուրս չունեն»,- ասում էր Լյուդմիլա Սարգսյանը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Ավազակապետություն, Ընդհատակյա