ԲԻՇԱՐՅԱՆԸ ՉԴԻՄԱՑԱՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ
Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո երեկ առաջին անգամ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասուլիս կազմակերպեց, որը, սակայն, տապալվեց, եւ տիկին Բիշարյանը, ասուլիսը դեռ չավարտված, անսպասելի հեռացավ:
Ընդհանրապես, տիկին Բիշարյանն էն գլխից «Ուրբաթ» ակումբ եկավ շատ ջղայնացած եւ սկսեց իրեն ոչ հաճո հարցերին պատասխանել գրեթե ճչալով: Իսկ երբ լրագրողները նրանից պահանջեցին հարգանքով խոսել, վերջինս նախ ասաց, թե իր խոսելու ձեւն է այդպիսին, հետո էլ հայտարարեց, թե ինքը մենակ է, իսկ լրագրողները 30-40 հոգով միանգամից հարցեր են տալիս, ասես ուզում են վրեժխնդիր լինել: Ահա նման լարված մթնոլորտում էլ Հեղինե Բիշարյանն արդարանում էր, թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մաս կազմել կոալիցիային: Տիկին Բիշարյանը բառեր չէր խնայում` ցույց տալու, որ ՕԵԿ-ն այդ քայլին դիմել է իր նախընտրական ծրագրերը իրականացնելու եւ քաղաքական երկխոսություն ծավալելու համար, ու որովհետեւ ՕԵԿ-ը դեմ է քաղաքական պատերազմներին: Դա էլ քիչ էր, Բիշարյանը հայտարարեց, թե իրենք սոցհարցում են անցկացրել եւ պարզել, որ հարցվողների 65 տոկոսը ողջունել է ՕԵԿ-ի անդամակցությունը կոալիցիային: Հարցին, թե քանի՞ մարդու շրջանում է անցկացվել հարցումը, Բիշարյանը պատասխանեց. «Մոտ 250 հազար ընտանիք են մտել»: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է ՕԵԿ-ը մեկ շաբաթվա ընթացքում մտել 250 հազար ընտանիքում հարցում արել: Իսկ եթե պատկերացնենք, որ ամեն մի ընտանիք բաղկացած է առնվազն երկու հոգուց, նշանակում է` ՕԵԿ-ը յոթ օրվա ընթացքում 500 հազար մարդու կարծիք է հարցրել: Տիկին Բիշարյանը, ըստ ամենայնի, ինչ-որ թվեր խառնում է: Ի դեպ, թվերի մասին. Բիշարյանը երեկ հայտարարեց նաեւ, թե «860 հազար ձայն է հավաքել իշխանության թեկնածուն: Որքան էլ փորձենք իջեցնել, համարենք, որ ինչ-որ կեղծիքներ են եղել, միեւնույն է` այդ թիվը այնքան չի իջնում, որ դու անիրատեսական համարես: Գնացեք մարզեր, գյուղեր, համատարած ձայն են տվել»: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ ընդամենը մի 20 օր առաջ Արթուր Բաղդասարյանը հայտարարում էր, թե «ընտրությունները կեղծված են, եւ այդ մասին երկու կարծիք լինել չի կարող»: Բայց դե, քանի որ «Օրինաց երկիրը» նորից իշխանության գիրկն է վերադարձել, ուստի տիկին Բիշարյանի կարծիքները արդեն խիստ համապատասխանում են պաշտոնական տեղեկատվությանը: Մարտի 1-ի դեպքերը, բնականաբար, բացառություն չեն:
Պարզվում է` Հեղինե Բիշարյանը այլեւս հավատացել է այն ամենին, ինչ տեսել է հեռուստաէկրաններից. «Մարտի 1-ի դեպքերը բոլորդ եք նայել, ես նույնիսկ եղել եմ այդ վայրերում, տեսել եմ նույն վառված ավտոմեքենաները, նույն վիրավորները»,- հայտարարեց Բիշարյանը: Իհարկե, վերջինս հետո ստիպված եղավ ավելացնել նաեւ, որ ինքը դեպքի վայրում եղել է ոչ թե իրադարձությունների ժամանակ, այլ հետո: Տիկին Բիշարյանին ակնհայտորեն դուր չեկավ նաեւ այն հարցը, թե ՕԵԿ-ը, որպես կոալիցիայի անդամ, իրեն պատասխանատու զգո՞ւմ է մարտի 1-ի իրադարձությունների համար: «Միտինգավորներին ովքեր ոտքի են հանել, ովքեր միտինգ են արել 10 օր, ովքեր ինչ-որ գաղափարներով կերակրել են այդ մարդկանց, ովքեր տարել են մինչեւ վերջ, այդ վիճակին են հասցրել, նրանք թող պատասխան տան, ի՞նչ կապ ունենք մենք, ի՞նչ կապ ունի Բաղդասարյանը… Հեղհեղուկ հարցեր մի° տվեք… այ քեզ բան»,- գրեթե ճչում էր Հեղինե Բիշարյանը: Ասուլիսի վերջում նա, իհարկե, չմոռացավ նաեւ նշել, որ ընտրություններից առաջ իրենք քննադատել են ոչ թե իշխանություններին, այլ երեւույթները: Իհարկե, կոալիցիան պարտավորեցնում է, բայց եթե տիկին Բիշարյանը մոռացել է, թե ում էին իրենք ժամանակին քննադատում անուն առ անուն, ապա նա կարող է վերցնել, ասենք, Ազատության հրապարակում իրենց հանրահավաքի տեսագրությունը եւ մեկ անգամ եւս լսել, ասենք, Հովհաննես Մարգարյանի հետեւյալ հայտարարությունը. «Ասում են` մեղր ծախողը միշտ մատը լիզում է, բայց սրանք ոչ թե իրենց մատները լիզեցին, էդ բոչկեն իրա օբրուչներով կերան: Այսօր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չպիտի որոշեն, թե ով է լինելու մեր երկրի նախագահը, հայ ժողովուրդն է որոշելու»:









ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ