ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց:
Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է: Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը: Մինչ ձերբակալության պահը երբեւէ Նորիկյանին ծանուցագիր չի ուղարկվել, եւ նա ոստիկանություն կամ դատախազություն չի հրավիրվել: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, սակայն մարտի 14-ին, ինչպես արդեն նշել ենք, նա բերման է ենթարկվել ԱԱԾ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 300` «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածներով: Իսկ մարտի 17-ին, երբ լրացել է Նորիկյանի ձերբակալման ժամկետը, Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի իրադարձությունները քննող քննիչներից Վ. Հարությունյանը միջնորդել է` նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Նորիկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, որից հետո նրան տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ԱԱԾ մեկուսարան): Նորիկյանը, ինչպես քաղբանտարկյալների մեծ մասը, հրաժարվել է ցուցմունք տալուց` հայտարարելով, որ ինքը առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, ինքը որեւէ հանցանք թույլ չի տվել, իսկ իր նկատմամբ սկսված հետապնդումը քաղաքական է, եւ խախտվել են իր սահմանադրական իրավունքները:
Ըստ Նորիկյանի պատմածների, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն, ընդդիմադիր գործիչների մեծ մասը պահվում է հենց այս քրեակատարողական հիմնարկում: Մեկուսարանում գտնվողների համար արտաքին աշխարհից տեղեկություններ ստանալու միակ միջոցը դարձել են թերթերը: Իհարկե, այստեղ որոշակի բարդություններ կան: Բանն այն է` մեկուսարանում նրանց առաջարկվում է միայն իշխանական մամուլը: Իսկ ընդդիմադիր թերթեր կալանավորներին հասնում են միայն փաստաբանների միջոցով: Մեկուսարաններում հեռարձակվում են նաեւ Հանրային ռադիոյի հաղորդումները:
Ի դեպ, քաղբանտարկյալների հետ նույն խցերում կան նաեւ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք: Իհարկե, բացառված չէ, որ նրանցից ոմանք իրականում մեղադրյալներ չլինեն, այլ տեղեկություններ հավաքելու նպատակով հատուկ ներդրված ԱԱԾ լրտեսներ: Այնպես որ, մեկուսարանում կյանքը բավական հետաքրքիր է:
Նախնական կալանքի մեջ պահվող անձինք, ինչպես հայտնի է, չեն կարող իրար հետ շփվել մյուս խցերում գտնվողների հետ: Նրանք մշտապես գտնվում են իրենց խցերում, միայն օրական մեկ ժամով նրանց բարձրացնում են մեկուսարանի վերջին հարկի բացօթյա խցեր (որտեղ առաստաղները ճաղերով են)` օդափոխության: Իսկ այս ընթացքում տարբեր խցերում գտնվող կալանավորների շփման միջոցը, ըստ Նորիկյանի, դարձել է երգը: Ասենք, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը սկսում է երգել «Արաբո» երգը, եւ նույն պահին մնացած խցերում գտնվողները, օրինակ` ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը եւ մյուս քաղբանտարկյալները, սկսում են ձայնակցել: Մի խոսքով, մարդիկ ֆիզիկապես անազատության մեջ են, բայց հոգով, միեւնույն է, նրանք ազատ են, եւ այդ հանգամանքը ոչ մի ճաղավանդակով հնարավոր չէ փոխել:
Հ.Գ. Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ իշխանությունները սկսել են քաղաքական ռեպրեսիաների որակը մի փոքր մեղմացնել: Նորիկյանին ազատ են արձակում, մեկ այլ դեպքում` ԵԿՄ անդամ, երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերոջ` Ռազմիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը, եւ նա ազատ է արձակվում: Ավելին, փաստաբաններից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ մի շարք դեպքերում առաջադրված մեղադրանքի հոդվածների մասերը ավելի մեղմ հոդվածներով փոխարինելու միտում է նկատվում: Մի խոսքով, ակնհայտ է, որ ինչ-ինչ պատճառներով իշխանությունները փորձում են ռեպրեսիաների թուլացման իմիտացիա ստեղծել:









ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ