ԵՌԱԿԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը ներկայացել է հարցաքննության Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հարցաքննության մասին Զուրաբյանի պատմածներից ակնհայտ դարձավ, որ իրականում ոչ թե նրան են հարցաքննել, այլ նա է ոստիկաններին հարցաքննել: Բանն այն է, որ ոստիկանության քննիչները փորձել են նրանից բացատրություն ստանալ նրա կողմից իբր թե թույլ տրված ինչ-որ իրավախախտման առնչությամբ: Զուրաբյանը նրանցից ցանկացել է պարզել, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում եւ ոստիկանները կոնկրետ այդ ինչ զանցանք են իրեն վերագրում: Արդյունքում ոստիկանները նշել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180.1 հոդվածը, բայց թե ինչպես է Զուրաբյանն այն խախտել, չեն կարողացել հստակեցնել: Բանն այն է, որ վերը նշված հոդվածը վերաբերում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելուն: վերջին մոտ մեկ ամսում, ինչպես հայտնի է, ցույցեր եւ երթեր չեն կազմակերպվել: Իսկ քաղաքական զբոսանքներն ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ցույց կամ երթ որակել: Ավելին, եթե անգամ ոստիկաններն ինչ-ինչ երեւակայությամբ փորձեն զբոսանքը որպես հանրահավաք ներկայացնել, ապա այսքանով եւս խնդիրը չեն կարող լուծել: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի վերը նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում երթերի եւ ցույցերի կազմակերպիչների համար: Այսինքն` Զուրաբյանին օրինախախտման մեջ մեղադրելու համար` ոստիկանները պետք է ապացուցեն, որ նա է կազմակերպել Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները: Մի խոսքով, Զուրաբյանի` մոտ մեկուկես ժամ տեւած հարցաքննությունը ոստիկանների համար մի իսկական գլխացավանք է դարձել, քանի որ նրանք պարտավոր են եղել օրենքով հիմնավորել իրենց պահանջները, ինչը չէին կարող անել: Ըստ Զուրաբյանի, այդ ամենին վերջակետ դնելու համար` ինքն իր ցուցմունքների արձանագրությունում գրել է, որ քանի որ ոստիկանները չեն բացատրում, թե իր կոնկրետ որ արարքն է իրավախախտում, եւ ինքն ինչ զանցանք է թույլ տվել, հայտարարել է, որ իրեն հարցաքննության հրավիրելը քաղաքական հետապնդում է, եւ հրաժարվել է որեւէ բացատրություն տալ:
Ի դեպ, ոստիկանությունում Լեւոն Զուրաբյանի հարցաքննության ընթացքում երեք քննիչ է փոխվել: Առաջին երկուսը մի քանի հարցուպատասխանից հետո, որոնք վերաբերել են ՀՀ օրենքներին, հրաժարվել են հարցաքննությունը վարելուց: Այլ կերպ ասած, ոստիկանները հերթով հրաժարվել են անիմաստ գործողություններ կատարելուց: Արդյունքում երրորդ փորձից հետո միայն ոստիկաններին հաջողվել է «հարցաքննությունը» վերը նշված ձեւով ավարտել:
Ավազակապետություն, Ընդհատակյա, Լևոն Տեր-Պետրոսյան, Քաղբանտարկյալներ









ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ