ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄԸ

Հունվար 7, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Աթաբեկյան:

Ներկայ յօդուածով մենք չենք կամենում քննութեան ենթարկել Հայաստանում տիրող այժմեան վարչական կարգերը, որոնք արդէն հազար անգամ կրել են զանզան քննադատութիւններ:  Հարսատահարված հայ ժողովուրդը այսօր մի արիւնաթաթախ յեղափոխական է, նա զգացել է ներկայ կառավարութեան ինչ լինելը եւ յեղափոխական գործունէութեամբ բողոքում է այդ կարգի դէմ:

Յուսահատված հայը ինքնզինքը նետել է փոթորկալից եւ արիւնահեղ  յեղափոխութեան ասպարէզը. Նա գոռում է ազատութիւն եւ այդ ցանկալի ազատութեան համար զոհում է տուն, տեղ, ընտանիք եւ կեանք:

Բայց ո՞րն է այդ ազատութիւնը: Արդե՞օք մի հայկական կառավարութիւն, լինի դա միապետական կամ հանրապետական: Ո՛չ, դոքա ազատութիւն չեն, այլ ազատիւն և երջանկութիւն բառերով համեմած երեւակայական ցնորքներ: Մի կառավարութիւն՝ լինի դա ազգային կամ օտար միշտ թշնամի է ազատութեան: «Կառավարութիւն եւ ազատութիւնը իրար հակասում են», ահա մի անհերքելի ճշմարտութիւն: Եւ իրաւ, ամեն մի կառավարութիւն, լինի դա միապետական կամ սահմանադրական, հանրապետական կամ ազնուապետական՝ միայն արտաքին ձեւերով են տարբերվում միմիեանցից, իսկ իրենց ներքին էութեամբ եւ կոչումով միեւնոյն են:
Քննենք այժմ թէ ինչո՞ւմն է կայանում բոլոր կառավարութիւնների էութիւնը եւ կոչումը:

Այս հարցին պատասխանելու համար պարտաւոր ենք մի պատմական հայացք ձգել կառավարչական կարգերի ծագման վրայ:
Ընկերաբանութիւնը (սօցիօլօգիա) ամենահաստատ կերպով ապացուցում է, որ երբ մարդկութեան մէջ երեւան եկան առանձին դասակարգեր, այսինքն կեղեքիչ հարուստներ եւ թշուառ աղքատներ, այն ժամանակ հարուստները կազմեցին մի կառավարութիւն իրենց անիրավ շահերը պաշտպանելու համար: Գուստավ Լը-Բօնի նման մի գիտնական, որ ոչ մի յեղափոխական ձգտում չունի, հաստատում է միեւնոյնը հետեւեալ խօսքով. «Շուտով հարուստները կազմեցին մի առանձին դասակարգ եւ իրենց շահերը պաշտպանելու համար, աղքատ ժողովրդի դէմ օրէնքներ ու կանոններ սահմանեցին, այսինքն մի կառավարութիւն կազմեցին»:

Էլ կասկած չի մնում, որ կառավարութիւն կոչված այդ դժոխային մեքենան ուղղակի աշխատող ախքատ դասակարգի դէմ է ուղղված: Սկսած իրենց ծագման օրից մինչեւ այժմ կառավարութիւնները միշտ հաւատարիմ են եղել իրենց այդ միակ կոչման, այսինքն՝ պաշտպանել հարուս կեղեքիչներին աղքատ ժողովրդի դէմ:

Եթե մի քիչ խորը թափանցենք եւ պաղարիւնութեամբ քննենք կառավարական կազմակերպութիւնը, պոկելով նրա երեսից ռամկավարական կամ հանրապետական դիմակը, որով նա ծածկվում է մի քանի երկրներում, մենք զարմացած կը մնանք, տեսնելով, թէ ինչպիսի մեծ նմանութիւն կայ նոյն իսկ ամենայառաջադէմ ռամկավարական կառավարութեան եւ բացարձակ միապետական կառավարութեան մէջ:

Այն հիմնականութիւններն, որոնք միասին վերցրած կազմում են կառավարչական մեքենան, ամեն տեղ նոյնութեամբ կրկնվում են, միայն այն զանազանութեամբ, որ ռամկավարական երկրներում նոյն իսկ բանտերի պատերի վրա փորագրված են «Ազատութիւն, Հաւասարութիւն եւ Եղբայրութիւն» կեղծավոր բառերը:
Ամեն տեղ ժողովրդի քրտինքով են վճարվում հարկերը, որոնք գործադրվում են կառավարաչական մարմինը սնուցելու համար, որի նպատակն ու կոչումն է ծծել իրեն սնուցող աղքատ ժողովրդի արիւնը:

Ամեն տեղ ժողովուրդը տալիս է «արեան հարկ», կատարելով զինւորական ծառայութիւն: Ռուս զինւորը ի՞նչով պիտի նախանձի ֆրանսիական զինւորին, որոնք ճանճի պէս կոտորվում են հեռաւոր կօլօնիաներում կառավարութեան շահի կամ քմահաճոյքի համար եւ կամ իտալական զինւորին, որը ապստամբ ամբոխի վրայ յարձակվելիս, անգիտակցաբար խփում ու սպանում է իր հարազատ ծնողին: Ամեն երկրներում աղքատ ժողովուրդը հաց է գոռում: Քաղցածութիւնը հավասարապէս իւր զոհերն ունի թէ Սիցիլիայում եւ թէ Հայաստանում: Երբ մի քաղցած եւ առանց աշխատանքի մնացած բանւոր մի կտոր հաց է գողանում, ամեն տեղ դատարանները նրան պատժի են ենթարկում, մինչդեռ մեծ գողերը եւ աւազակները անպատիժ են մնում, ինչպէս պանամիստները Ֆրանսիայում եւ Մուսա-բէկները Հայաստանում:

Բոլոր կառավարութիւնները ունեն ոստիկանութիւնն, որը ժողովրդի արդար բողոքի ձայնը խեղդելու, եւ նրանն գնդակահար անելու համար միշտ պատրաստ է: Ամեն տեղ ոստիկանութեան կատարելագործութիւնը իւր խայտառակ դերն է կատարում:
Մի խօսքով, բոլոր կառավարութիւնները նոյն նպատակն ու նոյն կոչումն ունեն եւ գրէթէ ամեն տեղ նոյն միջոցներն են գործադրում իրենց նպատակին հասնելու համար: Ուրեմն շատ հասկանալի է, որ բոլոր երկրներում կառավարչական բարբարոս կարգերը միեւնոյն պտուղն են տալիս, որն է ժողովրդի թշուառութիւնը:

Միայն կարճատեսները կարող են խաբվել եւ չլանալ այս կամ այն կառավարութեան արտաքին ձեւերով եւ խաբուսիկ փայլով, իսկ ինչ վերաբերում յեղափոխականներին, ճշմարիտ յեղափոխականներին, որոնց նպատակը ժողովրդի բարօրութիւնն է, նրանք գիտեն, որ ներկայի բոլոր թշուառութիւնները վերացնելու համար բաւական չէ փոխել իշխող անհատները կամ վարչական ձեւերը, այլ պէտք է տալ ժողովրդին բացարձակ տնտեսական ազատութիւն, որպէս զի կարողանայ իւր աշխատանքի ամբողջ արդիւնքը ապահովութեամբ վայելել, իսկ դրա համար անհրաժեշտ է ամենից առաջ վերացնել այն կազմակերպութիւնը, այսինքն կառավարութիւնը, որի միակ նպատակն ու կոչումն է կեղեքել աղքատ եւ արդիւնաբերող ժողովրդին:

Կառավարութեան աւերակների վրայ միայն թշուառ մարդկութիւնը պիտի կարողանայ գտնել իւր երջանկութիւնը: Ինչպէս երեւելի ազգագրագէտ Մօրգանն ասում է. «Այն ժամանակ տեղի կունենայ նախնական համայնքի իրական ազատութեան, հաւասարութեան եւ եղբայրութեան վերածնունդը»:

«ՀԱՄԱՅՆՔ»
Առաջին տարի Մարտ 1894

«Պայքար»-ի կողմից
Հոդվածը հետաքրքրական է այն բանով, որ նույնիսկ ավելի քան հարյուքսան տարի հետո այն արդիական է: Բարձրացված հարցերը շատ բնորոշ են այսօրվա իրադրությանը. կեղեքիչ բանկիրներ, ժողովրդին պատերազմի մղող նավթաբարոններ, իրենց շահի համար ընտանիքների տները քանդող «էլիտառ» իշխանավորներ, ապստամբող ժողովրդի վրա կրակող ավազակների սպասարկուներ և պարտադրված ոստիկաններ… Այսպիսով Ալեքսանդր Աթաբեկյանի խոսքերիը ավելի քան ճշմարիտ են և կրկնակի անգամ հաստատում են իրենց ճշմարտացիությունը:
Հոդվածը արտատպվում է առաջին անգամ: «ՀԱՄԱՅՆՔ» թերթի այս հրատարակությունը հայտնաբերվել է գերմանակն մի քաղաքի արխիվում:
Հետաքրքիր  և նկատելի է, որ Աթաբեկյանը չի օգատգործում Պետություն  կամ Իշխանություն տերմինները:  Հավանաբար քանի, որ դրանքն ստեղծվել
են հետագայում կամ Իշխանություն տերմինի դեպքում նոր կերպար են ստացել, ավելի  նկարագրական դարձնելով կառավարող  օրգանիզմի ապաժողովրդային կերպարը:

Պարբերաբար կներկայացնենք «ՀԱՄԱՅՆՔ» թերթի այլ հոդվածներ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

«Համայնք», Ալեքսանդր Աթաբեկեան, Ավազակապետություն


  1. Ինքնիշխան հայ
    Հունվար 7, 2009 19:35 | #1

    125 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել: նույն վիճակն է աշխարհում պարզապես դիմակներն ու շղարշներն են կատարելագործվել: Իսկ Հայաստանում նույնիսկ դա չի փոխվել: Յա Բաստա: Մեզ պետեր ու իշխողներ պետք չեն:

  2. Էդգար
    Հունվար 9, 2009 16:02 | #2

    Ամեն դեպքում կարծում եմ, որ այս ընթացքում ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Ժողովրդավարությունը կամ, ինչպես հեղինակն է ասում, ռամկավարությունը, որքան էլ մեծ հաշվով որպես շղարշ է ծառայում, սակայն այն նաև հստակ ֆունկցիա է կատարում հասարակության համար` վերահսկելի դարձնելով իշխանությանը և փոխելով այն, եթե չարաշահումները չափն անցնում են: Նկատելի է, որ Աթարբեկյանը գտնվել է ժամանակի պոպյուլար մարքսիստա-անարխիստական գաղափարախոսության ազդեցության ներքո: Բայց և այնպես, ես չեմ պատրաստվում վիճարկել այն ռացիոնալ հատիկը, որ անկասկած պարունակվում է հոդվածում:

  3. Հայկ
    Հունվար 9, 2009 16:47 | #3

    Կարծում եմ պարլամենտական կամ այսօրվա իմացված ժողովրդական երկրները, միգուցե բացի Շվեցարիայից, այնքան էլ չեն իրականացնում ժողովրդի լայն զանգավծների իրական ցանկությունը: Նրանք ոչ թե սպասարկում են հասարակ ժողովրդին այլ ստեղծում են դրա իմիտացիան պաշտպանելով բարձր խավի շահերը: Իհարկե մեծ փոփոխություն կա Աթաբեկյանի ժամանակշրջանի և այսօրվա միջև այնքանով, որ Աթաբեկյանի պես մարդիկ իրենց անձնազոհ գործով կարողացան այդ բեկումը մտցնել բայց ցավոք միայն այնքանով, որ այդ նշված իշխանության դիմակը դարձավ ավելի ճկուն և կեղծավոր: Վերցնենք որոշ օրինակներ. ԱՄՆ, որը իրեն համարում է ժողովրդավարության բաստիոն - այնտեղ իրականում գործում են միայն երկու կուսակցություններ, որոնք ամեն ձևով խանգարում են մրցակցի գոյացումը: Պրեզիդենտական ընտրությունների ժամանակ դուք հազիվ թէ լսած լինեք Օբամայից ու ՄքՔեյնից բացի այլ թեկնածուի մասին- բայց իրականում նրանք կային: ԱՄՆ-ում գործում է փողը, կապիտալը այլ ոչ թէ իրական ժողովրդավարությունը:
    Նույն բանը կատարվում է Եւրոպական երկրներում: Մի քիչ այլ ձևի բայց շատ չի տարբերվում: Այն հանցագործները որոնք ստղծել են այս վիրտուլ տնտեսական սիստեմը, որի կործանումը այսօր շատերին հասցնում է անգործության և անտնության չեն կանգնեցվում պատասխանատվության առջև: Ընդհակառակը՝ սովորական աշխատավորն է որ իր հարկերի հաշվին վճարում է նրանց սպեկուլիատիվ քմահաճույքների ծախսը:
    Այսինքն շատ բան չի փոխվել իրականում: Կորիզը մնացել է նույնը:

    Էդգարը ճիշտ է նկատել, Աթաբեկյանը եղել է Սոցիալիստ-Լիբերթերիան գործիչ կամ անարխիստ ինչպես հումորով այդ անվանումը տվել է Պրուդհոնը: Բոլշևիկներին և բուրժուական տերություններին շատ լավ հաջողվեց անարխիան դարձնել քաոսի հոմանիշը այդպիսով սարսափ մտցնել ժողովրդի մեջ և հետևաբար ամրեցնել իրենց կերակրատաշտը: Անարխիան շատ լայն հասկացողություն է այն ունի անթիվ ճյուղեր: Այն կարելի է սահմանել որպես ժողովրդի ինքնավարության և այսպիսով ուղիղ դեմորկրատիայի, հավասարության գաղափարի կրողը:

  1. No trackbacks yet.