ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Հունվար 9, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Աթաբեկյան:

Սակաւ չէ պատահում լսել այս կամ այն յեղափոխականի բերանից ցաւակցութիւններ, որ գոյութիւն չ’ունի մի բաւական ընդարձակ և ուժեղ ընդհանուր յեղափոխական կազմակերպութիւն ժողովրդի դատը հաստատ և վստահ առաջ տանելու համար, որի շարքում ինքն ևս կարողանար գործել, փախանակ ձեռնածալ նստելու:

Անշուշտ, շատերի համար դա մի պարզ դիմակ է, որով ծածկում են իրենց անշարժութիւնը և մեռելութիւնը. միւսերի համար դա մի արհեստական ինքնախաբութիւն է, որով աշխատում են մեղմացնել այն ներքին անհանգստութիւնը, որ առաջանում է մարդուս մէջ համոզմունքների և վարմունքի, խօսքի և գործի հակասութիւնից: Բայց շատ շատերն էլ այն կարծիքի են, որ անհրաժեշտ է նախ և առաջ ձգտել յեղափոխական ոյժերի մի ընդհանուր կազմակերպութիւն ստեղծելուն:

Պէտք է համաձայնուել վերջիններիս հետ, որ ամեն մի գործ, որ պահանջում է բազմաթիւ մարդկանց հավաքական ջանքերը,- առաւել ևս յեղափոխական գործը, որի նպատակն է կործանել դարերից ի վեր գոյութիւ ունեցող հասարակական վնասակար կարգերը,- այն ժամանակ միայն կարող է հաստատ և արագ լուծում ստանալ, երբ այդ ջանքերը որոշ կերպով կարգաւորուած են, երբ նրանք համերաշխ ուղղուած են ընդահնուր թշնամու դէմ:

Բայց ահա՛ խնդիրը. Ինչպէ՞ս կազմակերպել յեղափոխական ոյժերը, երբ այնքա՜ն բազմաթիւ տեսական տարաձայնութիւններ գոյութիւն ունեն, որքան այժմ հայ յեղափոխականների մեջ: Ինչպէ՞ս միացնել իրար հակասող սկզբունքները, իրար մերժող ծրագրիրները:

Գուցե ոմանք պատասխանեն, որ պէտք է նախապէս մի տեսական համերաշխութիւն կայացնել յեղափոխականների մէջ, պէտք է ապացուցանել իրար այս կամ այն գաղափարի սխալ լինելը և յետոյ , բոլորին հաւաքելով մի դրօշակի տակ, ընդհանուր մի յեղափոխական դաշնակցութիւն կապել:

Այդ ամենը սքանչելի կը լինէր, անշուշտ, եթէ միայն մենք մի որոշ չափ ունենայինք, մի անսխալ չափ, որի համեմատ կարելի լինէր ճշմարիտ յայտարարել մի որևէ գաղափար կամ սխալ ճանաչել մի ուրիշ հայացք: Բայց դժբախտաբար այդպիսի կրիտէրիումը անհնարին է գտնել և չի կարող էլ գոյութիւն ունենալ այժմ, երբ հասարակական գիտութիւնը դեռ բոլորովին անմշակ է, էրբ նա դեռ իր զարգացման սաղմնային աստիճանի մէջ էգտնվում: Հէնց այն հանգամանքը, որ բոլոր գոյութիւն ունեցող հասարակական  թէօրիաները վիճելի են, ցոյց է տալիս նրանց անկատար լինելը, նրանց գիտական արժէքի համեմատական չափը: Անհերքելի գիտական ճշմարտութիւնները վիճաբանութեան չեն ենթարկվում, այլ անհրաժեշտ կերպով ընդունվում են:

Միամտութիւն կը լինէր կարծել, որ այս կամ այն գաղափարը քարոզելով, այս կամ այն ուղղութեանը պատկանող բրօշիւրներ ու հրատարակութիւններ անելով կարելի կը լինի գաղափարական միութիւն կայացնել յեղափոխական բանակի մեջ: Այդպիսի յոյսեր տածել կարող են միայն սահմանափակ պարզամիտները, կոյր ֆանատիքոսները:

Նոյն անյաջողութիւն կունենայ և մի ուրիշ, արդէն փորձուած միջոց, որ կայանում է հետևեալում. Աշխատել միաւորել զանազան ֆրակցիաները փոխադարձ զիջումներ անելով: Եւ իրաւ, ինչպէս կարելի է վստահանալ հիմնել մի ուժեղ և տևողական կազմակերպութիւն, ուր մի և նոյն կենտրոնի ղեկավարութեան տակ միանում են այնպիսի անհատներ, որոնք համաձայն են միայն իրենց ծրագրների ամենաընդհանուր և տեսական կետերի մէջ, մինչդեռ իրական գործունէութիւնը, իր բնաւորութեամբ միշտ լինելով մասնաւոր և կենսական, պահանջում է հենց յատուկ և մասնաւոր տեսակէտների գործադրութիւն:

Էլ չենք խօսում կենտրոնական կասզմակերպութեան ուրիշ անյարմարութիւնների մասին: Այսքանը միայն ասեք, որ հայ յեղափոխականների մի խոշոր մասն իր կաշուի վրայ փորձեց այդ «կենտրոն»-ի կործանիչ ու վնասակար ազդեցութիւնը և ստիպուած եղաւ ձեռք քաշել այդ մտքից: Եթէ մինչև օրս այդ «կենտրոնները» վերջնականապէս չեն ոչնչացրել, քայքայման հասցրել գործը, պատճառն այն է, որ գործը ինքը էական, օրգանական պահանջ է ժողովրդի համար և շարունակվում է կենտրններից դուրս, նրանից անկախ և շատ ժամանակ նրանց բոլորին հակառակ:

«Ուրեմն, ձեր կարծիքով,- կը պատասխանեն մեզ – յեղափոխական ոյժի ընդհանուր կազմակերպութիւնը՝ անհնարի՞ն է»:
Ամենևին ո՛չ: Մեր ասածից միայն այն է հետևում, որ պէտք է ուրիշ միջոցներ և կազմակերպութեան միջոցներ որոնել, - որ պէտք է ոչ թէ ի զուր ջանքեր և ի զուր ժամանակ գործ դնենք լոկ յանուն գործունէութեան միութիւն կազմելու համար, այլ պետք է գործել ամբողջ ուժով յանուն յեղափոխութեան, որից ինքնի իրեն ծնի միութիւն և հաստատուն կազմակերպութիւն:

Թո՛ղ ամեն մի անհատ, որի երակներում շատ թէ քիչ եռում է կենդանի արիւն, գործադրի իր բոլոր նախաձեռնութիւնն և եռանդը:
Եւ երբ յեղափոխական բոլոր տարրերը, ինչ գոյնի և ինչ ուղղութեան էլ պատկանեն, կը գտնուեն դէմ ու դեմ թշնամու առջև, երբ նրանք մոտից կլսեն հայ գեղջուկի ողբը, որի արիւն-քրտինքով սուլթաններն ու ցարերը շլացուցիչ, ճոխ օրգիաներ են սարքում, երբ նրանց աչքի առջև զինւորների սուիները կը փայլեն, խրուելով ապստամբ ժողովրդի մարմնի մեջ, երբ նրանց ականջին կը հասնեն ամենայետին վայրենութեամբ անպատված անմեղ կոյսերի և պատւավոր կանանց աղաղակը, երբ վերջապէս, նրանց ընկերների յետևից կը փակուին, գուցէ ընդ միշտ, բանտերի դռները, ուր մարդ կենդանի թաղված է մնում,- այն ժամանակ գործունեութիւնը, կեանքը կը մշակէ հայ յեղափոխականների համար գործելու մի ընդհանուր ծրագիր, այն ժամանակ այժմեական տեսական վէճերի տեղը կը բռնի մի գործնական համերաշխութիւն զանազան կատարելապէս ինքնուրոյն խմբերի մէջ, որոնցից ոչ մեկը չի աշխատիլ միւսների գլխին կապել ո՛չ իր սկզբունքները, ո՛չ իր տաքտիկները, և այն ժամանակ միայն մենք կ’ունենանք մի ճշմարիտ կազմակերպութիւն,- մի կազմակերպութիւն, որ առաջացած կը լինի կենսական պայմաններից, գործ դրած ջանքերից,- մի կազմակերպութիւն, որ հիմնուած կը լինի գործող խմբերի անմիջական և սերտ յարաբերութիւնների վրայ:

Կազմակերպուելու համար պէտք է գործել:
Գործել, անընդհատ գործել – ահա՛ դէպի կազմակերպութիւն տանող միակ ճանապարհը:

«Համայնք»
No 3, Մայիս 1894

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

«Համայնք», Ալեքսանդր Աթաբեկեան, Ավազակապետություն, Համաժողովրդական Շարժում