> Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները > ԵԼՈՒՅԹ 2009 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ԵԼՈՒՅԹ 2009 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Մարտ 1, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:

Download PDF PDF տարբերակ (101KB)
Սիրելի հայրենակիցներ,

Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան», այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետեւյալ ցնցող պատասխանը. «Արեւմուտքն Ադրբեջանը դիտարկում է որպես իր դաշնակից երկիր եւ չի ցանկանում, որ նա իրեն համեմատի Հայաստանի հետ։ Ադրբեջանը շատ ավելի ճիշտ կանի, եթե իրեն համեմատի Թուրքիայի, Խորվաթիայի, Սլովակիայի եւ արեւելաեւրոպական մյուս երկրների հետ, որոնք մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության զարգացման հարցում։ Իսկ ի՞նչ կարելի է վերցնել Հայաստանից։ Մենք ցանկանում էինք պատժել Հայաստանին, բայց դուք գիտեք, որ այդ երկրի թիկունքին կանգնած են Ռուսաստանը եւ մի շարք պետություններ, որոնք կարողացան ազդել եւրոխորհրդարանականների վրա» («Հայք», 7.02.2009)։ Եւրոպացի դիվանագետն, այսպիսով, պետությունները բաժանում է երեք կարգի, այն է՝ արեւմտաեւրոպական ժողովրդավարություններ, որոնց հետ Ադրբեջանը դեռեւս համեմատվելու հիմքեր չունի, ժողովրդավարացման ուղին բռնած արեւելաեւրոպական երկրներ, որոնք օրինակ պետք է ծառայեն Ադրբեջանի նման երկրների համար, եւ վերջապես, համեմատության առումով անպիտան, անհույս, «իզգոյ» բռնապետություններ, որոնց շարքին է դասված Հայաստանը՝ հաստատաբար Սոմալիի եւ Զիմբաբվեի կողքին։

Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին, այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ, այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա, թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համարվող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք։ Եւ ինչպե՞ս կարելի էր այլ բան ակնկալել, երբ նրանցից մեկի իշխանությունը հիմնված է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, իսկ մյուսինը՝ մարտի 1-ի սպանդի վրա։ Հետեւաբար, ինչպիսի հաճոյախոսություններ էլ եւրոպական կառույցները շռայլեն Հայաստանի իշխանությունների հասցեին, կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն՝ թե ոչ, միեւնույն է, հոգու խորքում միջազգային հանրությունը մեր երկրին վերաբերվում է այս երկու արյունոտ իրադարձությունների եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ մակարդակի դիտակետից։ Այսքանն իմիջիայլոց։

* * *

Դառնալով օրվա խորհրդին, ցավով պետք է արձանագրել, որ մարտի 1 ի ողբերգության տարելիցը մենք ստիպված ենք նշել ընկճող մթնոլորտում։ Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով։ Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ, ընդհակառակը, ջանք չեն խնայել նրանց հանցագործությունները կոծկելու համար։ Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մեր դիմումները։ Հեռուստատեսությունն, իր բոլոր ալիքներով, վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզչամեքենայի։ Ոստիկանությունը բազմիցս բռնություններ է կիրառել ինքնաբուխ եւ ոչ զանգվածային միջոցառումների մասնակիցների նկատմամբ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար կանչվել են ոստիկանական բաժանմունքներ եւ զգուշացվել ետ կանգնել հանրահավաքների մասնակցելու մտադրությունից։ Հարյուրավոր մարդիկ քաղաքական նկատառումներով ենթարկվել են պաշտոնեական կամայականությունների, հեռացվել աշխատանքից կամ կորցրել իրենց բիզնեսը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ուղեկցվել են նույն տիպի կեղծիքներով, խախտումներով ու բռնություններով, ինչ անցած նախագահական ընտրությունները։

Այսինքն, իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել մարտի 1 ի ողբերգությունից եւ ոչ մի քայլ չեն կատարել ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, ինչպես նաեւ ներքաղաքական մթնոլորտի առողջացման ուղղությամբ։ Եթե միջազգային որոշ կառույցներ պնդում են հակառակը եւ ուզում են հավատալ, որ այդ բնագավառներում, այնուամենայնիվ, ինչ որ առաջընթաց արձանագրվել է՝ դա իրենց գործն է։ Մնում է, որ այդ հավատը նրանք ներշնչեն նաեւ մեր ժողովրդին, ինչը դժվար, եթե չասենք, անհնարին խնդիր է, քանի որ առաջընթաց կոչվածը շատ հեռու է իրականությունից։ Հայաստանի իշխանությունների կողմից առերեւույթ ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանն ուղղված կիսատ պռատ քայլերն ու օրենսդրական նախաձեռնություններն իրականում սոսկ քարոզչական աճպարարություններ են կամ սովորական խաբկանք, արեւելյան խորամանկություն եւ ժամանակ շահելու միջոց՝ որքան էլ նրանց փաստաբանների դերն ստանձնած միջազգային բյուրոկրատները փորձեն դրանցում ինչ որ դրական զարգացումներ փնտրել։
Միակ լուսավոր կետն այս մղձավանջում եւ Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է եւ հզոր ընդդիմության ձեւավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի։ Չնայած մարտի 1 ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ եւ ամենօրյա հալածանքներին, ակնհայտ է, որ իշխանություններին չհաջողվեց ահաբեկել կամ ծնկի բերել ժողովրդին եւ նրան ստիպել ետ կանգնել իր քաղաքացիական իրավունքների վերականգնման համար մղվող պայքարից։ Ընդհակառակը, հալածանքներն ինչ որ առումով նույնիսկ կոփեցին ժողովրդին եւ ավելի եւս ամրապնդեցին նրա հաստատակամությունն ու վճռականությունը։ Ժողովուրդն այլեւս բանտից ու բռնությունից վախեցողը չէ, նահանջողը չէ, ընկճվողը չէ։ Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ հետեւություններ անեն այս իրողությունից եւ հասկանան, որ ժողովրդին ճզմելու կամ անխոս զանգված դարձնելու ջանքերը ոչ միայն ապարդյուն են, այլեւ կործանարար, ընդ որում, թե՛ իրենց, թե՛ երկրի համար։ Ժամանակն է, որ նրանք արմատապես փոխեն իրենց գործելակերպն ու մեթոդները եւ ժողովրդի հետ մահակի լեզվով խոսելու փոխարեն, փորձեն խոսել բոլորովին այլ, քաղաքակիրթ աշխարհում ընդունված լեզվով, ինչը չի կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Ժամանակն է, քանի որ ներքաղաքական լարվածությանն արդեն սպառնում է գումարվել նաեւ սոցիալական լարվածությունը՝ կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի եւ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման հետ։

* * *

Հայաստանի իշխանությունները, որդեգրելով ջայլամի քաղաքականություն, առայժմ հանրության առջեւ չեն բացահայտել առկա տնտեսական ճգնաժամի էությունն ու ընդգրկումը, ակներեւաբար, ժողովրդին հանգստացնելու եւ նրա մոտ խուճապ չառաջացնելու նպատակով։ Սկզբում դա արվում էր նոր ատոմակայանի, Զանգեզուրի երկաթգծի, Համահայկական բանկի եւ Հայկական աշխարհի սին առասպելների օգնությամբ, իսկ այժմ՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Համաշխարհային բանկից սպասվող վարկերի շուրջ պտտվող հուսադրիչ խոսակցությունների միջոցով։ Որքան էլ, սակայն, իշխանությունները պնդեն, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն առանձնապես չի ազդել մեր երկրի տնտեսության վրա կամ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այդ ճգնաժամի առաջին ալիքը (թեեւ այդ պնդումը նրանց համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության), անժխտելի է, որ իրականում Հայաստանում եւս գործ ունենք ողջ աշխարհում դրսեւորվող միեւնույն երեւույթի, այն է՝ դոլարի զանգվածի կտրուկ նվազման հետ։
Հայաստանում, ի մասնավորի, խոսքը վերաբերում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի սպասարկման կենսական խնդրին։ Անցյալ տարի այն կազմել է 3 մլրդ դոլար, այսինքն՝ ներմուծվել է շուրջ 4 մլրդ, իսկ արտահանվել՝ շուրջ 1 մլրդ դոլարի ապրանք։ Պակասորդը կամ դեֆիցիտը մոտ երկու-երրորդով ծածկվել է տրանսֆերների, իսկ մեկ-երրորդով՝ միջազգային վարկերի, արտասահմանյան ներդրումների եւ զբոսաշրջիկության հաշվին։ Եւ քանի որ, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով, դոլարի ներհոսքի այդ աղբյուրներն զգալիորեն նվազել են ու էլ ավելի նվազելու միտում ունեն, կառավարությունն այս տարի կանգնած է լինելու առնվազն 1,5–2 մլրդ դոլար հայթայթելու խնդրի առջեւ, որը նրա ուժերից վեր է։ Հետեւաբար, խնդիրը լուծվելու է այլ ճանապարհով, այն է՝ ներմուծման ծավալների շեշտակի կրճատմամբ, որը հանգեցնելու է կենսամակարդակի կտրուկ անկման, եւ Հայաստանը ետ է շպրտելու առնվազն 10–15 տարով՝ հայտնվելով 1990 ական թթ. երկրորդ կեսի վիճակում։ Այսինքն, մենք գործ ունենք ոչ թե անսպասելի աղետի, այլ տրանսֆերային կապիտալի եւ քրեա-օլիգարխիկ համակարգի վրա հիմնված քոչարյանական արատավոր տնտեսական մոդելի կրախի կամ փլուզման հետ։

Օբյեկտիվ եւ համակարգային հանգամանքներից բացի, խնդիրը բարդանում է նաեւ իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության եւ ճգնաժամային իրավիճակին ոչ համարժեք քայլերի պատճառով, որոնց առանձնակի դրսեւորումներն են.

  • Դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով Կենտրոնական բանկի պահուստների անհաշվենկատ վատնումը
  • Ներմուծման բնագավառում մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանության հանդուրժումը.
  • Հարկային բեռի բարդումը մանր եւ միջին ձեռնարկատերերի վրա.
  • Մանրածախ առեւտրի շուկաներում ՀԴՄ ների կիրառման անհեթեթությունը.
  • Խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտ բերելու անկարողությունը.
  • Հարկային եւ մաքսային ծառայություններում օրինականություն հաստատելու չկամությունը.
  • Պետական ապարատի ծախսերի կրճատումից խուսափելու տրամադրվածությունը.
  • Քարոզչական նպատակներով ուռճացված պետական բյուջեի անխուսափելի սեկվեստրի ուշացումը.
  • Տեղական արտադրության եւ արտահանման խթանման ուղղությամբ անբավարար միջոցների ձեռնարկումը.
  • Կոռուպցիայի դեմ իրական, եւ ոչ թե ցուցադրական, պայքարի լիակատար բացակայությունը.
  • Կապիտալի արտահանման երեւույթի նկատմամբ ցուցաբերվող հանցավոր անտարբերությունը.
  • Ժողովրդին ճգնաժամի հաղթահարմանը չնախապատրաստելու անհասկանալի պահվածքը եւ այլն։

Տնտեսագետ չլինելով եւ ամենեւին չհավակնելով մասնագիտական վերլուծության, այդուհանդերձ ավելորդ չեմ համարում պարզ մարդկային լեզվով ներկայացնել, թե ինչպիսի անդրադարձ է ունենալու տնտեսական ճգնաժամ կոչված վերացական հասկացությունը սովորական մարդկանց ճակատագրի վրա։

Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը։ Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է։ Առաջիկա ամիսներին հարյուրավոր արտադրական ձեռնարկություններ դադարեցնելու են իրենց գործունեությունը։ Արտահանման նվազմանը զուգընթաց շեշտակիորեն նվազելու են նաեւ ներմուծման ծավալները։ Անխուսափելիորեն կրճատվելու են բյուջեի մուտքերը։ Ահռելիորեն մեծանալու է գործազուրկների թիվը։ Սառեցվելու կամ կրճատվելու են աշխատավարձերը։ Հաճախակիանալու են աշխատավարձերի վճարման ուշացումները։ Էապես նվազելու են բնակչության իրական եկամուտները։ Ուսանողները չեն կարողանալու վճարել ուսման վարձը։ Պարտատերերն ի վիճակի չեն լինելու հատուցել իրենց պարտքը։ Գազի եւ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը մեծապես ազդելու է թե՛ բնակչության, թե՛ արտադրողների վրա՝ իր ետեւից բերելով նաեւ այլ ապրանքների թանկացումներ։ Փակվելու են հազարավոր խանութներ եւ սպասարկման ոլորտի ձեռնարկություններ։ Մանր ու միջին ձեռնարկատերերի խավն, ըստ էության, դադարելու է գոյություն ունենալ։ Դա հանգեցնելու է սեփականության վերաբաշխման եւ նրա կենտրոնացման մենաշնորհատերերի ձեռքում։ Ժողովրդի թշվառացմանը զուգընթաց կրկին շահելու ու հարստանալու են բարձրագույն պետական պաշտոնյաներն ու խոշոր ձեռնարկատերերը։

Մի խոսքով, ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը կանգնելու է ոչ թե տնտեսական կայունացման, այլ պարզապես հումանիտար աղետի կամ գոյատեւման խնդրի առջեւ, որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե՛ իշխանությունից, թե՛ հասարակությունից։ Թող տպավորություն չստեղծվի, թե ես թանձրացնում եմ գույները։ Ընդհակառակը, վախենում եմ, որ իրականությունն ավելի դառը լինի, քան իմ ներկայացրածը։ Շատերի համար՝ այն ամենն, ինչ ասվեց, արդեն իսկ իրականություն է։ Իսկ եթե այդ իրականությունը դեռեւս լիովին զգալի չէ հասարակության մնացյալ մասի համար, բացատրվում է պարզապես նրանով, որ վերջինս առայժմ օգտվում է իր որոշ խնայողություններից ու ձմեռվա պաշարներից, որոնք, սակայն, շուտով կսպառվեն։ Ներկա ճգնաժամն, ըստ երեւույթին, ավելի ծանր ու դժվարհաղթահարելի է լինելու, քան նույնիսկ 1990 ականների սկզբի ճգնաժամը, որը տեղի էր ունենում համաշխարհային առողջ տնտեսական մթնոլորտում, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հարուստ պետությունները հնարավորություն ունեին օգնության ձեռք մեկնելու դժվարությունների մեջ գտնվող երկրներին։ Իսկ այժմ, երբ համաշխարհային տնտեսությունն ինքը հայտնվել է գրեթե կաթվածահար վիճակում, այդ հնարավորությունը բացակայում է։

* * *

Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն։ Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի։ Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետեւ ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ քան ուժով հնարավոր չէ պահպանել։ Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը։ Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է։

Մեր խորագույն համոզմամբ՝ քաղաքականության մեջ վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը։ Ավելի պատկերավոր ասած՝ վճռականը ոչ թե ոտքի կանգնողն է, այլ կանգնած մնացողը։ Հետեւաբար, հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղները։ Այսօր մենք արդեն իսկ վստահությամբ կարող ենք խոսել որոշ չափով ձեւավորված գիտակից քաղաքացիական հասարակության եւ գրեթե լիովին կայացած ընդդիմության մասին, որի մարմնավորումը Հայ Ազգային Կոնգրեսն է։

Կոնգրեսն ըմբռնումով է մոտենում հասարակության որոշ տարրերի տրամադրություններին, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է անվերապահորեն ենթարկվել դրանց։ Վստահեցնում եմ, չկա ժողովրդին հուզող կամ քաղաքական շրջանակներում եւ մամուլում արծարծվող որեւէ հարց, որը համակողմանիորեն չքննարկվի Կոնգրեսի ղեկավար մարմիններում եւ համապատասխան դիրքորոշում չճշտվի դրա վերաբերյալ։ Մեզ համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, եւ ամեն գնով դրան հասնելը չի մտնում մեր հաշիվների մեջ։ Կոնգրեսի դավանած գլխավոր սկզբունքը պետության շահն է եւ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը։ Ուստի եթե նա երբեմն չի կատարում որոշ մարդկանց պահանջած կամ ակնկալած գործողությունները, դա նշանակում է, որ կա՛մ սխալ ու վնասակար, կա՛մ էլ՝ ժամանակավրեպ է համարում դրանք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը, դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից, դրա նպատակահարմարությունը, բնականաբար, գնահատելով ոչ միայն Շարժման, այլեւ պետության, այն էլ՝ առաջին հերթին պետության շահի տեսակետից։

Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ։ Իսկ առջեւում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով։ Հետեւաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար, առանց այդ էլ, բարդ իրավիճակը։ Մեզ չի հետաքրքրում՝ իշխանությունները ճիշտ թե սխալ կհասկանան մեր քայլերն ու գործողությունները։ Կարեւորը մեզ համար այդ քայլերի ու գործողությունների ճշտությունն է։ Իսկ որ Հայ Ազգային Կոնգրեսը, հանձինս իրեն մաս կազմող տասնութ կուսակցությունների եւ տասնյակ հազարավոր անհատ անդամների, ի վիճակի է, առնվազն գլխավոր հարցերում, ճիշտ կողմնորոշվել, ամենեւին չեմ կասկածում։ Պետք է նկատի ունենալ, որ վճռական գործողությունների անցնելու պահի հասունացումը կախված է ոչ միայն մեր կամքից, այլեւ բազմաթիվ այլ անհրաժեշտ գործոններից, որոնք առայժմ առկա չեն կամ արտահայտված են դեռեւս ոչ բավարար չափով։ Այդ գործոններն անպայման առաջանալու են, քանի որ Հայաստանի ներկա իշխանություններն, իրենց ինտելեկտուալ կարողություններով ու մասնագիտական պատրաստվածությամբ, իրենց գիշատիչ էությամբ ու քրեական վարքուբարքով, ի վիճակի չեն լուծելու պետության առջեւ կանգնած որեւէ կենսական խնդիր։

Կարծիքներ են հնչում նաեւ այն մասին, որ եթե Կոնգրեսը մի-փոքր էլ դանդաղի, նրա տեղը կզբաղեցնեն արմատականները։ Նման մտավախության հիմքեր առայժմ չկան. չորս ամիս է՝ Կոնգրեսը դադարեցրել է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Ո՞ւր էին այդ արմատականները. թող նրանք լրացնեին քաղաքական այդ վակուումը։ Ո՞ւր էին մեզ անվճռականության մեջ մեղադրողները. թող իրենք դիմեին վճռական գործողությունների։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արմատականների ու ծայրահեղականների ի հայտ գալու վտանգը կա, ապա դրա մասին, առաջին հերթին պետք է մտածի իշխանությունը եւ ընդառաջ քայլեր կատարի դեպի հասարակությունը։ Պետք է մեկանգամընդմիշտ գիտակցել հետեւյալը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Ինչպես արդեն ասվեց, նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտավոր չէ նաեւ դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։ Անհեթեթություն է կարծել, որ ինչ որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է։ Ոչ ոք չի կարող սոցիալիստին թելադրել, որ լիբերալ դառնա, կամ ազգայնականին ստիպել, որ կոսմոպոլիտ դառնա։

Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե կա հասարակական պահանջարկ, եւ այդ պահանջարկը մենք չենք բավարարում, ուրիշները կբավարարեն։ Երբ մենք, օրինակ, պնդում էինք, որ քանի դեռ արցախահայությունը ոտքի չի կանգնել, Հայաստանում Ղարաբաղի հարցով ժողովրդական ալիք բարձրացնել հնարավոր չէ, շատերն առարկում էին։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նման հասարակական պահանջ լիներ, այդ ալիքը մեր կամքից անկախ կառաջանար։ Այնպես որ, վճռական գործողությունների դրդողները թող բարի լինեն՝ իրենք իրականացնեն այդ գործողությունները։ Թող ներվի ասել՝ ես առանձնապես չեմ էլ հավատում վճռականության կոչ անողներին, որովհետեւ վճռական պահերին նրանք, սովորաբար, ասպարեզում չեն երեւում կամ ասպարեզից առաջինն են ճողոպրում։ Բացառելու չէ նաեւ նրանց հիմնականում ազնիվ շարքերում սադրիչների առկայությունը, որոնցից հատկապես պետք է զգուշանալ։
Անցյալում էլ մեզ անվճռականության մեջ մեղադրողներ եւ ծայրահեղ քայլերի դրդողներ կային, ընդ որում ոչ միայն փողոցներում ու մամուլի էջերում, այլեւ անգամ խորհրդարանում։ Այսպես, մեզանից պահանջում էին՝ առանց հանրաքվեի անկախություն հռչակել, բռնագրավել Հայաստանում տեղակայված խորհրդային բանակի զինապահեստները, չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, պատերազմ հայտարարել Ադրբեջանին եւ այլն։ Եթե մենք տեղի տայինք եւ կատարեինք այդ ամենը, այսօր ո՛չ ազատագրված Արցախ, ո՛չ էլ երկիր չէինք ունենա։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգացումների եւ, մանավանդ, տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիալական ցնցումների ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության։ «Որքան վատ՝ այնքան լավ», «Ամեն ինչ՝ կամ ոչինչ», «Մահ՝ կամ ազատություն» զուգաբանությունները մեր կարգախոսները չեն, քանի որ դրանք անպատասխանատու եւ ազգակործան կարգախոսներ են։ Հայ ժողովուրդը, հախուռն թվացող բնավորությամբ հանդերձ, ճգնաժամային պահերին գնահատել է չափավորությունը, ողջախոհությունը, ինքնատիրապետումը, ուստի ամենեւին չեմ կասկածում, որ այս անգամ էլ ճիշտ կկողմնորոշվի ստեղծված իրադրությունում։

Որոշ ժամանակ անց վճռական գործողությունների անցնելու եւ իշխանափոխության համար ստեղծվելու է բոլորովին մի նոր, շատ ավելի նպաստավոր իրավիճակ։ Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այն է՝ երկրում կուտակված խնդիրների լուծման հարցում իշխանությունների դրսեւորած ապիկարությունից, այլեւ, առաջին հերթին, հասարակության հասունացումից։ Մինչեւ Շարժմանը չմիանան հասարակական նորանոր շերտեր, մինչեւ մարդկանցից ոմանք չհասկանան, թե ինչպիսի աններելի սխալ են գործել՝ քվեարկելով 5000 դրամի դիմաց, մինչեւ ընտրական հանձնաժողովների անդամները չգիտակցեն, թե ինչի կարող է հասցնել ընտրությունների արդյունքների կեղծումը, մինչեւ գործարար աշխարհը չըմբռնի իր իրական շահերն ու դրանց պաշտպանության համար միավորվելու անհրաժեշտությունը, մինչեւ իշխանությունն անընդունելի չդառնա ողջ հասարակության համար, պահը հասունացած համարել չի կարելի, իսկ ժամանակից շուտ կատարված գործողությունները կարող են միայն խանգարել ընդհանուր գործին եւ վիժեցնել ժողովրդի վերջնական հաղթանակը։

Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի քանի ամսից իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը։ Ուժերից վեր խնդիրների եւ ներքին գզվռտոցի պատճառով նրանք իրենք–իրենց քանդվելու են։ Եւ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու։ Հեռու չէ այն պահը, երբ իշխանությունների, առանց այդ էլ գոյություն չունեցող, վարկանիշը հավասարվելու է զրոյի։ Նրանք այլեւս ժողովրդի հետ խոսելու փաստարկներ չեն ունենալու։ Վերջին փաստարկը՝ դրամի բարձր փոխարժեքը, որով առայժմ հաջողվում է կայունության որոշ պատրանք ստեղծել, պայթելու է շատ շուտով։ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ։ Չեմ բացառում նաեւ, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել։ Եթե նման առաջարկ արվի, ապա նրա ընդունել–չընդունելու հարցը, բնականաբար, ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի։

Եւ վերջինը. վարանողներ, տրտնջացողներ, տեղի-անտեղի վճռական գործողությունների կոչողներ եւ պարզապես անհամբերներ եղել են նաեւ 1988-1990 թվականների Շարժման ընթացքում։ Այն ժամանակ էլ մենք ենթարկվեցինք բազմաթիվ ճնշումների, այն ժամանակ էլ մեզ լցրին բանտերը, ահաբեկեցին ժողովրդին, արտակարգ դրություններ հայտարարեցին, կրակեցին ցուցարարների վրա (1988 թ. հուլիսի 5, 1990 թ. մայիսի 27)։ Բայց Շարժումը հետեւողական, համակարգված, երկարատեւ եւ նպատակասլաց պայքարի շնորհիվ վերջիվերջո կարողացավ հաղթել անսասան թվացող բռնապետությանը։ Թող ոչ ոք չկասկածի, որ ներկա Համաժողովրդական շարժումը, նույնպիսի որակներ դրսեւորելու պարագայում, այս անգամ էլ հաստատապես հաղթելու է։ Այս հանրահավաքի բազմամարդությունը ցույց է տալիս, որ Շարժումն, ի հեճուկս չարախինդների եւ ի սփոփումն մեր անհամբեր համակիրների, ոչ միայն չի մարել, այլեւ շատ ավելի է հզորացել, ինչը լրջանալու խթան պետք է լինի թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար։ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը, անգամ օբյեկտիվ պատճառներով, մարելու կամ թուլանալու տարբերակ չունի, քանի որ իշխանություններն իրենց ձախող ու անճարակ գործողություններով մշտապես սնուցում, իսկ հասարակությունը նորանոր լիցքեր է հաղորդում նրան։ Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքական բոլորովին նոր մշակույթի եւ նոր որակի համընդգրկուն միավորում է, որն իր նախադեպը չունի Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Իսկ նոր քաղաքական մշակույթն ու նոր որակը հաստատապես բերելու են նոր հաղթանակ։

Իսկ այժմ բոլորիդ խնդրում եմ՝ Կոնգրեսի ղեկավարության ետեւից երթով շարժվել դեպի Ալեքսանդր Միասնիկյանի արձան, ի հարգանս մարտի 1 ի զոհերի հիշատակի՝ պսակներ ու ծաղիկներ դնել նրա պատվանդանին, եւ հանգիստ գնալ ձեր տները։ Երթուղին ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Իսկ հաջորդ հանրահավաքը, որը, չեմ կասկածում, սրանից շատ ավելի բազմամարդ է լինելու, տեղի կունենա մայիսի 1 ին։ Դա չի նշանակում, անշուշտ, որ անհրաժեշտության դեպքում միջանկյալ հանրահավաքներ չեն կարող կայանալ։ Թերեւս կարիք չկա հիշեցնելու նաեւ, որ մենք, ինչպես անցյալ տարի, մեկ մարդու պես պետք է մասնակցենք ապրիլի 24 ի սգո երթին։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Khosq
  • Facebook
  • Google
  • MySpace
  • LinkedIn
  • Live
  • Technorati

RSS feed!

Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները


  1. Մարտ 1, 2009 19:09 | #1

    Մեկ տարի էլ սպասենք միչև ՀԱԿ-ը դառնա ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ընդիմություն լինում է երբ հակադիր կողմը իրենից ներկայացնում է քաղաքական միավոր: Այն ինչ, որ ներկայացնում է իշանությունը քաղաքական միավոր չէ- դա կեղեքիչ իշխանիկների միավորում է: Այսօրվա Հայաստանում դա մի բան էլ ավելին է, դա միջնադարյան Եվրոպական շերիֆների ու հարկահավաքների խմբավորում է: Եվրոպան դարձավ այսօրվա Եվրոպա՝ այդ միջնադրայան կարգերի դեմ հեղափոխելով:
    Այսպիսով՝ ես այսօր պիտակավորվել եմ որպես ծայրահեղական: Այսինքն ազատության և արդարության համար պայքարող: Ավելի նախընտրելի է քան լինել բյուրոկրատ թուղթ բրդող:

  2. Մարտ 1, 2009 19:22 | #2

    Haik jan,

    Yst is Ter-Petrosyany ayspes e mtatsum, inchu avelord texy janqer gortsadrenq (ir bolor hetevanqnerov), yete amen inch aranc ayn el dran e tanum, u mi gexecik ory ishxanutyuny kopit asats mez en handznelu. Yete nra hashvarknery chisht durs gan, tenc el klini. Mi karevor pah el, 5000-dramanocneri het kapvats. Qani der 5000 dramov tsaxvatsnery chen haskacel, vor dranov irenq irenc hoginern en vacharel Satanayin ban chi poxvelu. Es socialakan chgnajamy husov em nranc da khaskacni.

  3. Մարտ 1, 2009 21:20 | #3

    Ասածս այն է, որ ավազակներին պետք է պահել ճնշման տակ: Միայն տնտեսական գործոնը իներցիայի մեջ թողած բավարար չէ: Ճնշումը պետք է լինի նաև ժողովրդական ընդվզման արտահայտության միջոցով: Սահուն, համահավասար և շարունակական: Տնտեսականն ու հանրային գործոնները փոխկապակցված են: Մեկ տարի առաջ չկար տնտեսական գործոնը կամ այն այսպես ընդգծված չէր: Այսօր դա բավականին ընդգծված է: Երրորդ գործոնը, որ դեռ լիովին չի ձևավորվել է՝ գաղափարականն է:
    Հարցնենք մեզ, ի՞նչն է ավազակապետության հիմնաքարը, դրա գոյատևման ցուցիչը: Դա կապիտալի տնօրիննումն է: Նրանք չեն ցանկանում բաժանվել իրենց գանձերից, դարձել են իրենց ավարի գերին:

  4. diran
    Մարտ 1, 2009 22:37 | #4

    tsntsvads em. marmnov yev hoqov.
    khonarhvum em.

  5. Մարտ 1, 2009 23:22 | #5

    Հայկ :…Հարցնենք մեզ, ի՞նչն է ավազակապետության հիմնաքարը, դրա գոյատևման ցուցիչը: Դա կապիտալի տնօրիննումն է: Նրանք չեն ցանկանում բաժանվել իրենց գանձերից, դարձել են իրենց ավարի գերին:

    Սիրելի Հակ, ես չեմ կարծում նրանց դարձել են իրենց ավարի գերին եւ հազար տեսակ ապօրենիությունների միջոցով ցանկանում են պահպանել իրենց գանձերը: Ավելին, կարծում եմ նրանք շատ կուզենաին հեռանալ Հայաստանից ու որեվե նոռմալ պետությունում վայելեին միլյարդավոր դոլարների հասնող իրենց ավարը: Բայց նրանք դա չեն կարող անել, որովհետեվ նրանց ձեռքերը այն աստիճան արյունոտ է, որ երբեք հանգիստ չեն կարող լինել, այդ պետությունների կողմից նրանց Հայաստան վերադառնալու սպառնալիքը ամեն հրոպե նրանց գլխին կախված է լինելու:
    Այսինքն ուզում եմ ասեմ, որ ոչ թե կուտակած միլյոնների համար են անհանգստանում, այլ իրենց իսկ հրամաններով թափված արյան համար պատասխան տալու վտանգն է նրանց ստիպում Հայաստանում բացարձակ իշխանություն ունենալ:
    Պարզաբանման համար նշեմ, որ խոսքս հանցագործ բուրգի վերին մի քանի շերտերի մասին է, այսինքն Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան եւ ևս մի 30-40 բարձրաստիճան պաշտոնյա ու օլիգարխների: Իսկ հանցագործ բուրգի մնացած շերտերի առումով, միանգամայն համամիտ եմ քո կարծիքի հետ, որ նրանք չեն ցանկանում կորցնել իրենց կուտակածը, եւ դրանով էլ պայմանավորված դարձել են բուրգի հիմնաքարը: Այ սրանք են որ վախենում են կորցնել իրենց կուտակածը, նոր կուտակելու հնարավորությունը ու հլու հնազանտ ծառայում են բուրգի գագաթին: Նաեւ ենթարկվում են, որովհետեւ վախենում են նախկինում կերած քաքերի համար բանտերում հայտնվելուց, արտոնյալ կարգավիճակներից զրկվելուց ու հլու հնազանդ կատարում են ցանկացած ապօրենի հրաման…
    Մի քանի անգամ կարծիքս եմ հայտնել, որ անօրինական հրաման կատարողներ չլինեն, անօրինական հրաման տվողներ էլ չեն լինի… Իսկ անօրինական հրաման կատարողները, իրենց կուտակածները, կամ արտոնյալ կարգավիճակները կորցնելուց, բանտերում հայտնվելուց բացի այլ կորցնելու բան էլ ունեն: Շատ, շատ շատ ավելի առժեքավոր…

    Հ.Գ. Վերջին տողում գրածս չեմ ուզում ավելին մեկնաբանել, բայց ոչ թե այն պատճառով, որ էլ այսօր որպես ծայրահեղական չպիտակավորվեմ, այլ որ Հայաստանում ապրող Հայաստանցին, արդարացիորեն ինձ չպատասխանի` «Ձայնդ տաք տեղից է գալիս»

  6. Համլետ
    Մարտ 2, 2009 02:12 | #6

    Դասական առումով Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին անխոցելի է,կարելի է ասել՝ անառարկելի:
    Բայց Հայաստանում դեպքերի ընթացքը միշտ չէ,որ տեղավորվում է կուռ տրամաբանության շրջանակներում…
    Համենայնդեպս, ես հավատում եմ Լևոնի և քաղաքական հոտառությանը, և հսկայական փորձին, և վիրտուոզ վերլուծաբանի տաղանդին, և միշտ հաղթողի …բնավորությանը:
    Մի ներքին, անբացատրելի զգացողություն ինձ հուշում է, որ նրա ընտրած մարտավարությունն արդյունավետ է, անվրեպ ու հաղթողական, ինչպես՝ միշտ:
    Նրա հետ մենք հաղթելու ենք՝ միանշանակ:

  7. Ազատության հրապարակ
    Մարտ 2, 2009 02:54 | #7

    Մեր ժողովրդի ցավը տանեմ:

  8. Մարտ 2, 2009 04:12 | #8

    Yes ays taktikan nkatel ei der 2008-i Hoktembery hanrahavakits, kani vor ink@` L.T.P-n chi tsankanum, arants aynel mer hognats joghovrdi energian avelord vatnel. Arajikayum shakalner@ irar ksksen hoshotel,vorovhetev vors@ , ayspes asats, gnalov kchanalu e krizisi pattsharov. Asem avelin shutov ays amboghj shilen tapelu en aghvaniki glxin yev gortsits azatelu en, isk verjins skselue kaker@ jri yeres hanel. serjik@ mi apahov tegh kgtni yev kanhetana, asenk Hordanan kam urish islamakan yerkir,vor djvar lini yet berel, isk varchapet@ nor @ntrutyunner knshanaki.Ov chhastsrets paxni,minev @ntrutyunner@ ktki paytikin. shat parz yev haskanali.

  9. Մարտ 2, 2009 09:31 | #9

    @Վահագն Ղուկասյան
    Հարգելի Վահագն, իսկ այդ արյունը ինչու՞ են թափել: Թափել են իրենց լծակների և հետևաբար թալանը շարունակելու և թալանը պահպանելու համար: Իսկական ավազակը միան գող չէ նա նաև մարդասպան է:

  10. Մարտ 2, 2009 09:53 | #10

    Տնտեսական ճգնաժամը առաջին հերթին հարվածելու է սովորական ժողովրդին և Հայաստանը դառնալու է տնտեսապես սնանկ երկիր: Իսկ սա պատկերացրեք ինչ է նշանակում մի երկրի համար, որը շրջապատված է բորենիներով: Ավազակներին տնտեսական ճգնաժամը այն աստիճան չի հարվածի, որ նրանք կորցնեն իրենց շնչելու կարողությունը: Հետևաբար տնտեսական ճգնաժամի զարգացումը որպես այդպիսին թողնելով ավազակաթափության միակ միջոցը երկրին և ժողովրդին տանում է կործանման: Հնարավոր է անվերականգնելի կործանման: Այսպիսով որքան հնարավոր է պետք է արագացնել ավազակաթափությունը քանի դեռ երկիրը չի կործանվել:
    Այդ հինգ հազար դրամի համար ընտրություն կատարողը ինչու՞ է այդպես վարվել: Միակ տարբերությունը նրա համար եղել է հինգ հազար դրամը, այլ տարբերություն նա չի տեսել թեկնածուների միջև: Տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ հինգ հազար դրամի անհրաժեշտությունը ավելի շատ կզգացվի: Սպասելը և ամեն ինչ թողնելը իներցիային տարբերության մատուցման միջոց չէ:

    Մի այլ խնդիր է թե ինչպես կարելի է հավատարիմ համակիրների մի մեծ շրջանակի անվանել ծայրահեղականներ: Այդ «ծայրահեղականները» լսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը ոչ մի գործողություն չիրականացրեցին և լիովին ենթարկվեցին: Այսպիսի պիտակավորումը և քամահրանքը ոչ միայն նոսրացնում է շարժման շարքերը այլ նաև շեղում է պայքարի հունն ու կառավարելիությունը: Իր հետ բերելով հնարավոր է շատ անցանկալի հետևանքներ:

  11. Xachik
    Մարտ 2, 2009 11:24 | #11

    Hargeliners,
    In kartsiqov shatery (ete voch bolory) hogu xorqum ktruk u tsairahegh qaileri en spasum. Vonc vor asum en amen meki het ir dzevov e petq paiqarel. Protiv loma…tarberakna. Shaters uzum enq vor dranc aryuny tapvi, mi qich el iranc mairery lacen, iranc erexeqy tsets uten, iranc stamoqsy datark mna, iranq pten banterum, ev ailn. Hayastanum joghovrdakan chanaparhov ishxanutyan galy mi tesak 7-rd erknqi erazneric e tvum. LTP-y bavakanin porcaru u xelamit arachnord e. Ete nra npataky ir ev ir hamaxohneri ishxanutyan galy liner, apa tsairahegh chanaparhnerov vaghuc arden haxtanakats kliner. Sakain ete uzum enq joghovrdavarutyan hasnel apa haxtanaky petq e joxovrdavarakan chanaparhov lini. Tntesakan chgnajami paragayum aid haxtanaky el aveli mot e linelu, voch te vorovhetev mardik neghvats linelov durs en galu kataghats paiqari, ail vorovhetev juraqanchyury, ov ir dzainy vacharel er, ov vstahel er xapepaneri u keghtsavor ynddimuyany, ov xory cher gitakcel miacial ynddimutyan haxtanaki anhrajeshtutyuny, hima haskanalu en u durs en galu ishxanapoxutyan kochov durs, datark en toghnelu dprocnern u mankaparteznery, naxararutyunnern u himnarknery, gortsarannern u odanavakajannery, kajarannern u datarannery, mshakiuti tnern u xanutnery ev pahanjelu en hrajarakan sharunakabar, non-stop, minchev sranq kheranan. Indz chisht haskaceq, pahanjy ishxanapoxutyan petqa hamajoghovrdakan lini, aisinqn bolory petqa durs gan irenc voch miajn tneric, ail irenc ashxatavaireric. Karavaruyuny aidpes miajn petqe tesni vor datark himnarkutyunnerum nstelov irenq ailevs ankarogh en erkir gekavarel.
    Ev aid ory mot e. Chgnajamin ardyunavet karogh e dimakayel miajn azat shukayi orenqnerov kajacats ev harstutyuny chtalanats pertutyuny, vorpeszi harvatsy havasarapes bashxvi petutyan byujei, tntesavaroghneri u joxovrdi vra. Monopolistakan u beveracvats biznesi paragayum harvatsi aryutsi bajiny aranc aid el poqramasnutyun kaznogh poqr biznesmenn u joghovurnd e stanalu. Ev usti, tekuz ev tsanr e linelu haxtanaky, baic ain linelu e, ev tsairahegh qailer dra hamar petq chen linelu, ail parzapes miahaxur boghoq u anvstahutyun ais anoren ishxanutyunerin. Mez anhrajesht e xaxagh chanaparhov haxtanak, vorpeszi nor ishxanutyunneri anardyunavet ashxatanqi depqum nyuin chanaparhov noric ishxanapoxutyun anenq, ev aidpes anyndhat dzevavorelov joxovrdavarakan Hayastan…

  12. Xachik
    Մարտ 2, 2009 11:41 | #12

    Moraca asem, ete Rusastanum vichaky ashxatanqi het kapvats senc sharunakvi, et paiqarin mianalu en nayev Rusastanic het veradarcogh mi qani haryur hazar mard evs, vorovhetev irenc yntaniqnery drsi ashxatanqov pahel en aisqan jamanak, nayev asel en tqats es ishxanutyunneri anorinakanutyunneri vra, meka menq mi dzev ashxatum enq u tuny pahum, mi tesak hashtvats irakanutyan het. Hima arden tqats chen unena, vorovhetev irenq en galu aistegh u ashxatanq chunenalu paragayum arden xoselu en, chen lrelu, durs en galu poxots u paiqarelu en, non-stop, minchev haxtanak…

  13. Հայկ
    Մարտ 2, 2009 12:33 | #13

    Խաչիկ
    Հենց արդ ձեր ասած

    Xachik :
    Hima arden tqats chen unena, vorovhetev irenq en galu aistegh u ashxatanq chunenalu paragayum arden xoselu en, chen lrelu, durs en galu poxots u paiqarelu en, non-stop, minchev haxtanak…

    Այ սա է կարևորը սկսել հիմա, ոչ թե հետաձգել: Դժգոհության ալիքի զարգացումն ու մասսայականացումը պահանջում է ժամանակ: Հաջորդ հանրահավաքի հետաձգումը երեք ամսով շատ երկար է:

  14. Նարեկ
    Մարտ 2, 2009 15:17 | #14

    Խաչիկ, դուք բացեցիք փակագծերը, որ դրել էր Լեւոն Տեր Պետրոսյանը՝ միգուցե հանրահավաքային սուղ ժամանակի պատճառով:
    Նա չի բացառել շարունակական հանրահավաքները , նստացույցերը՝ միայն ասել է, որ «պահը չի հասունացել»:
    Հայկ, խնդրում եմ մի հիասթափվեք: Վճռական գործողությւոնները շատ անկանխատեսելի հետեւվանք կարող են ունենալ: Ինչու՞ մնալ քանդող բուրգի փլատակների տակ:

  15. mazd
    Մարտ 2, 2009 21:50 | #15

    Հայկ ջան, բայց երեք ամիս չէր, երկուս էր… :)

  16. mek
    Մարտ 2, 2009 21:58 | #16

    Սիրելի Հայկ, Նարեկը շատ լավ ասաց այն, ինչ ես էի մտածում: Սրանք չարժեն, որ նույնիսկ մեկ ավել զոհ էլ ունենանք: Նույնիսկ մեկ ավել կաթիլ արցունք չպիտի թափվի սրանց պատճառով: Մարտի մեկին համոզվեցինք, որ շատ հերոսաբար ենք տրամադրված, թող ամբողջ ազգը ի վերջո հասկանա, որ պիտի պայքարի իր ներկայի ու ապագայի համար, որպեսզի հետո կարողանա պաշտպանել իր պայքարով ստեղծածը, և որ այդքան հեշտությամբ չծախի իր դժվարությամբ ձեռք բերածը: Փառք ու պատիվ Ազատության հրապարակում մինչև հիմա և Մատենադարանի մոտ երեկվա պայքարողներին: Դա մեր ազգի սերուցքն է, որոնց քոչվորներն ու նրանց ստրուկները “թափթփուկներ” են անվանում: Եկեք հպարտանանք այսքանով ու մի քիչ էլ համբերենք:

  17. PPMV_HHH kam Pqo
    Մարտ 3, 2009 00:55 | #17

    100% hamadzain em LTP i het ev hamozvats em nuinqan chap vor ete nra veradardz@ chliner, apa Hayastani apagan shat aveli dazan ev anhuis er linelu.
    Miajn mi mtavaxuitiun unem, ajn e vor ais hantsagorts vohmak@ zamanak uni talanats $$$ teghapoxel offshore banker. Sranq dashnakneri pes amenastor arneti nman kdatarken Hayastani gandzatun@.
    Kartsum em aradzin hertin petq e amen gnov haithaitel informatsia kapvats srants bankain hashivneri ev nrants koghmits karavarvogh businessneri hashivneri masin.
    Iharke sa hesht gorts chi… baits anhnar ban chka…

  18. Մարտ 4, 2009 09:58 | #18

    Ելույթի ամենավտանգավոր պահը «արմատական-հեղափոխականներ» պիտակի կպցնումն էր: Ավելին իշխանություններին հորդորելը կամ թույլատրելը, որ «արմատական-հեղափոխականներ» լուծում վերձնեն իրենց վրա: Իշխանություների համար արդեն իսկ սա բացում է կանաչ ճանապարհ սաստկացնելու իրենց ապօրինությունները: Իշխանության համար ամբողջ շարժումն է «արմատական-հեղափոխական»: էլ չեմ ասում Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ գտնվողները: Թեև ես ճիշտ չեմ գտնում 1988 հմաեմատել այսօրվա հէտ քանի որ լրիվ տարբեր իրավիճակներ են, բայց և այնպես 1988-ին էլ ամբողջ հայ ժողովուրդն էր Մոսկվայի համար «արմատական-հեղափոխական»:

    ՀԳ
    «Առավոտ»-ի Արամ Աբրահամյանը արդեն առիթը բաց չթողեց 04.03.09 համարում օգտգործելու այս պիտակավորումը: Շուտով սա կդառնա «Հայլուրական» ամենասիրված բառակապակցությունը:

  19. Մարտ 4, 2009 10:13 | #19

    Նարեկ :

    Հայկ, խնդրում եմ մի հիասթափվեք: Վճռական գործողությւոնները շատ անկանխատեսելի հետեւվանք կարող են ունենալ: Ինչու՞ մնալ քանդող բուրգի փլատակների տակ:

    Հիասթափություն չէ այլ զայրույթ: Ի՞նչ է նշանակում «արմատական-հեղափոխական-ծայրահեղական»: Ինչպես կարելի է պիտակավորումներ մտցնել:
    Կամ ի՞նչ է նչանակում ավազակապետության հետ համագործակցելը: Այսինքն սա չի նշանակում, որ նրանք լեգիտիմացվում են:
    Կամ ինչ է այդ հինգ հազարական դրամի պատրանքը: Ընտրությունները կեղծվել են:Միայն հինգ հազար դրամը չէ, որ բերեց 53% թիվը:
    Այս ելույթի գլխավոր նպատակ էր մեղմել իրավիճակը և «հաճոյանալ» ավազակներին Երևանի քաղաքապետի պորտֆելի համար: Սին հույսեր:

  1. No trackbacks yet.