| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ (Մաս Ա)
(«թուրքական վարկածը»)
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» շարքից
Ժամանակին ասվում էր, թե «հայությունը ճզմվեց ռուսական սալի և թրքական մուրճի արանքում»: Արդ, հայերն այնքան են նվաղել ու նվազել, իսկ բռնությունները` նրբացել, որ հարկ է ասել. Սևանի ափից-ափ մնացած Հայաստանն ու կես ափ հայությունը ճզմվեցին…ծուռթաթ արջի և «խաչակրաց» աջի ձեռքսեղման մեջ…
Հայտնի է, որ 1999 թ. հոկտեմբեր 27-ին Հայաստանի Խորհրդարանում կատարված ոճրագործությունից հետո, մի քանի այլ վարկածների հետ (նախկին իշխանություններ,և անգամ Կ. Դեմիրճյանի իբր դավադրությունը ևն), շրջանառության մեջ էր դրվել դրանում իբր Թուրքիայի հնարավոր «ձեռքը», որի համար կարծես կային հիմնավոր դրդապատճառներ.
ա).- Ըստ այդժամ բուռն քննարկվող «Մեղրիի համաձայնագրի», նախատեսվում էր տարածքների փոխանակում, Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը , որով Ադրբեջանը կապվում էր Նախիջևանի հետ, այդու նաև Թուրքիայի, իսկ այդ շրջափակման մեջ Հայաստանը լրիվ մեկուսանում էր, ընդհանուր սահման ունենալով միայն Վրաստանի հետ: Նման գաղափար եղել էր նաև դրանից առաջ, 1988 թ. և դրանից հետո, սակայն չնայած Թուրքիայի հորդորանքներին Ադրբեջանը չէր համաձայնվել, իսկ 1999 թ. Ռ. Քոչարյանի առաջարկով Մինսկի խմբի մշակած տարբերակին խիստ դեմ են եղել այդժամ Հայաստանում իրավիճակի իրական տերեր Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Ուստի, այդ խոչընդոտի վերացման և նրանց սպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը ներկայանում էր «խելքին մոտ»:
բ). - «Թուրքական վարկածի» համար կար նաև այլ մեկ ծանրակշիռ փաստարկ. գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի որպես թուրքական գործակալի «պրոֆիլը», ի դեմս նրա Թուրքիա կատարած այցելությունների ու կապերի` այդ թվում նաև ոչ քաղաքացիական:
գ).- Եվ ի վերջո, այդ վարկածի օգտին էր խոսում ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու մտադրությունը:
Ընդունենք, որ առաջին հայացքից սրանք բավարար համոզիչ փաստարկներ էին գոնե զանգվածներին «թուրքական վարկածը» հրամցնելու համար: Առավել ևս, Թուրքիայի դեմ հայ հասարակության նախատրամադրվածության պայմաններում, իսկ ըստ այդմ ` նաև հակաթրքականությունը ավելի խորացնելու նկրտումներով (թողնում ենք կռահել թե ներսում և դրսում այդ ո ՞ւմ էր առավել ձեռնտու… ):
Սակայն, գոնե մենք նման խաբկանքի զոհը չդառնալու համար քննարկենք այս թվացյալ փաստարկները առանձին-առանձին:
Ա).- Թեև նման մի գաղափար անգլիացիների կողմից եղել է դեռևս 1919 թ., 1921 թ. քննարկվել խորհրդային սկզբնաշրջանում, Ա. Սախարովի կողմից առաջարկվել 1988 թ., սակայն «Գոբլի ծրագիր» բնորոշմամբ և քիչ թե շատ մշակված առաջ էր քաշվել 1992 թ. ԱՄՆ-ում և պարբերաբար վերարծարծվել, հատկապես չարաբաստիկ 1999 թվին: Այն ձեռնտու էր Թուրքիային, բայց նաև Արևմուտքին (1) և գոնե առերես Ռուսաստանին (2) (նշյալ երկրները` ներառյալ ԵՄ և Ֆրանսիան, հանդես էին գալիս որպես պայմանագրի երաշխավորողներ ու աջակիցներ, ինչը կցված էր պայմանագրին), իսկ ամենաշատը ավանդորեն ռուսամետ ղարաբաղցիներին, որոնք Ռուսաստանի հովանու տակ հայտնվելու ակնկալիքով ստանում էին անկախություն` թեկուզ ի վնաս Հայաստանի: Մինչդեռ, այդ պայմանագրին խիստ դեմ են եղել ոչ միայն Հայաստանում Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, այլև ադրբեջանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հրաժարական են տվել ընդհանրապես դեմ լինելով Ղարաբաղի անկախությանը: Չկա որևէ հիմք ենթադրելու համար, որ այդ հրաժարականներն եղել են Թուրքիայի ազդեցությամբ, երբ ըստ բավականին իրազերկ լրագրող Թաթուլ Հակոբյանի, Թուրքիան այդ հարցով Ադրբեջանին դիմել է միայն որպես առաջարկություն (տես ԱԶԳ, #026, 12/02/2008, նկատի առնենք, որ թերթը ծայրահեղ թուրքատյաց է և նույնքան ռուսամետ…): Այս առումով Հայաստանում «թուրքական ձեռքը» ավելի քան անհավանական է: Մինչդեռ ըստ ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի, «Մեղրիի պայմանագիր լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը»: Դժվար թե միջազգային հեղինակությամբ նման մի քաղաքական գործիչ և դեռ 2008 թ. նախագահության միակ ընդդիմադիր թեկնածուն անհիմն նման համարձակ հայտարարություն աներ, առանց զրպարտանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի, ինչը հասկանալիորեն տեղի չունեցավ:
Բ). – Գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը ԿԳԲ-ՊԱԿ ծառայությունների տեսադաշտում եղել է դեռևս 1988-89 թթ, 1992 թ. հեռացվել է դաշնակցական շարքերից (ուշադր.`ըստ ավելի ուշ շրջանառության մեջ դրված վարկածների, իբր թրքական շրջանակների հետ չարտոնված հարաբերությունների պատճառով… ), ըստ իր իսկ ցուցմունքների պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել դեռևս 1991թ., բայց հանգամանքների բերումով իրագործել է 1999 թ. (« Հայկ. ժամանակ», 23.01.2001 ), ինչ-ինչ պատճառներով 1993 թ. հաստատվել է Եվպատորիայում (որի մերձակայքում ըստ «չար լեզուների» գտնվում է Այպետրի սարը, իսկ դրա հյուսիսային լանջին` դեռևս խորհրդային ժամանակներից օտարերկրյա ահաբեկիչների պատրաստման ռուսական վարժարանը, «Ժամանակ.com », 27.10.2006), Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախապատրաստական շրջանում և գալիք իշխանափոխության առնչությամբ 1997 թ. աշնանը վերադարձել է Հայաստան, և ինչպես նաև անցյալում խցկվել տարբեր կուսակցություններ ու կառույցներ, այդ թվում արդեն Վ. Սարգսյանի «Հանրապետական» կուսակցություն և Կ.Դեմիրճյանի նախընտրական շտաբ :
1998 թ. սեպտեմբերին եղբոր և նույնպես ահաբեկիչ Կարեն Հունանյանի հետ իբր գործարար և լրագրող, մեկնել է Թուրքիա, դեկտեմբերին` միայն եղբայրը, իսկ 1999 թ. հունվարին` արդեն Հայաստանի Ազգային Հեռուստատեսության կողմից (ՀԱՀ) գործուղվում է որպես հեռուստալրագրող, եղբայրը` օպերատոր, երբ նա բնավ առնչություն չի ունեցել այդ մասնագիտության հետ: ՀՀ ԱԱՆ (Ազգային Անվտանգության Նախարարություն, 1999 թ. հոկտ. 27-ից հետո` ԱԱԾ, ԱԱ Ծառայություններ) աշխատակից և Ն.Հունանյանի հոկտ. 27-ի գործով հայտնի մերձակից Վահան Արտուշի Մանուկյանը ժամանակին այդ մասին տեղեկացրել էր ղեկավարությանը, իսկ այն` ԱԱՆ 2-րդ Գլխավոր Վարչության (հետախուզական կառույց) Թուրքիայի գծով աշխատակիցներ Կարեն Պարունակյանին և Արամ Բեգոյանին («Հայկ. ժամանակ», 23.06.2001), որոնք էլ ինստրուկտուրավորել են այդ այցելությունները: Ըստ Ն.Հունանյանի, նա հետագայում ևս մշտապես շփվել է Կարեն Պարունակյանի հետ, որի իբր հիմնական հորդորն եղել է «թուրքերի հետ կապերի սերտացումը…» ( ՉԻ, «Չորրորդ Իշխանություն», N°615/ինտերնետային N°775, 08.12.2006 ):
Պարզվում է նաև, որ նույն Արամ Բեգոյանը եղել է ոչ միայն Ն. Հունանյանի վաղեմի ընկերը` այլև ՀԱՀ-ի տնօրեն, հոկտ. 27-ի ոճրագործության մեջ որոշակի դերակատարում ունեցած և հետագայում սպանված Տիգրան Նաղդալյանի խորհրդականը («Հժ», 23.06.2001) …
Այս դեռ բոլորը չէ, մեկ այլ «գործող անձ» և Ն.Հունանյանի նույնպես վաղեմի մտերիմ Տիգրան Նազարյանը եղել է Հայաստանում թուրք. «Հյուրրիեթ» օրաթերթի թղթակիցը, միաժամանակ ՀՍՀ-ի լրագրող և նույնպես ԱԱՆ-ի աշխատակից: Այդ նա է մշտական կապի մեջ եղել Նաիրի Հունանյանի հետ, ապահովել անցաթղթերը Խորհրդարան, պարբերաբար զեկուցել այնտեղ անցուդարձի մասին, իսկ ոճրագործությունից հետո ԱԱՆ աշխատակից Վահան Մանուկյանի հետ մեկնել նախ ԱԱՆ և ապա ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գրիգորյանի վստահությամբ Ն. Հունանյանի հետ վարել զենքերը վայր դնելու բանակցությունները …
Հոկտեմբեր 27-ի քրգործով սոսկ դատակոչված վկա լինելուց հետո, Տ. Նազարյանը որպես ՀԱՀ «Հայլուր» ծրագրի լրագրող գործուղվել է ԱՄՆ և ցայսօր չի վերադարձել, ոչ էլ տարել է լրագրողական աշխատանք: Ըստ վստահ աղբյուրների, ԱՄՆ ուղևորության օրը նրան օդանավակայան է ուղեկցել արդեն ԱԱԾ 2 –րդ Գլխ. Վարչության օպեր-լիազոր նույն Վահան Մանուկյանը, խորհուրդ տալով «10 տարի մոռանալ Հայաստանի ճանապարհը», ինչը նաև նրա հորն հորդորել է ԱԱԾ գնդապետ Մելքոնյանը (ՉԻ, N°565 / ինտերնետ. 725, 26.05.2006):
Ինչ վերաբերում է այդժամ մայոր Կ. Պարունակյանին, ապա նա նույնպես անցել է որպես դատակոչված վկա, որոշ ժամանակ «սառեցվել», ապա` բացահայտելով իբր թուրքական լրտես Մուրադ Բոջոլյանին, վերականգնվել ու հասել գնդապետի աստիճանի…(Վ. Ղուկասյան, «Դիտորդի վարկածը», Երևան-2001, առանձնատիպ, փաստարկումը` նույնպես… ):
------------------------------------------------------------------------------------------------------------------
1 Հետագայում, աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու դեռ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին (այն էլ Կարս-Գյումրի երկաթգծի առկայության պարագայում) ինքնին խոսում են Արևմուտքին ու Թուրքիային «Մեղրիի տարբերակի» առավել նպատակահարմարության մասին: Այսուհանդերձ, ոճրագործոության մեջ Արևմուտքի մասնակցությունը քննարկելը բացարձակապես անիմաստ է ու նաև շեղիչ, առավել հավանական մեղսունակների առկայության պատճառով :
2 Հայաստանը ինքնաբերաբար վերստին գլորվում էր նրա գիրկը, միաժամանակ Չեչնիայի երկրորդ պատերազմից առաջ ամրապնդում թիկունքը և 2000 թ. Վ. Պուտինի նախագահական ընտրության նախօրերին ապահովում Արևմուտքի հետ իբր «բարիդրացիական համագործակցությունը» և ըստ այդմ գոնե նրա հանդուրժողականությունը, մինչև… Ռուսաստանի հզորացումն ու «հյուսիսային առանցքի» իրականացումը (ՌԴ-Հայաստան-Իրան): Ուստի, «Մեղրիի պայմանագիրը» Ռուսաստանին ձեռնտու էր միայն առերես, այն էլ մինչև 1999 թ. հոկտ. 27-ի սպանդը, ռուսամետ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի կատարյալ իշխանությունն ու Հայաստանի անվերապահ ռուսական կողմնորոշումը…
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ալեքսանդր Վարպետյան
Շարունակությունը (Մաս Բ)
|
|