| |
|
|
ՊԱՅՔԱ՛Ր ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ (Մաս Բ)
(«թուրքական վարկածը»)
«ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ» շարքից
Սկիզբը (Մաս Ա)
Գ).- «Թուրքական գործոնի» երրորդ փաստարկը` ոճրագործությունից հետո Ն. Հունանյանի իբր Թուրքիա փախչելու ասեկոսներն են: Մինչդեռ, իրական պատկերը փոքր-ինչ այլ է:
Կռահելով, որ իրենք խաբվել և շահագործվել են բարձրաստիճան կազմակերպիչների կողմից, ոճրախումբը հիրավի որոնել է փրկության տարբերակներ: Դրանից մեկը եղել է մի քանի պատանդներով դեպի Վրաստան և այնտեղից արտասահման հեռանալը, ճանապարհին անտառներում մոլորեցնելով հետապնդողներին: Սակայն, առավել արծարծված տարբերակը եղել է ինքնաթիռ պահանջելով դեպի Թուրքիա փախչելը, իսկ ավելի արտառոցը` որ այդ գաղափարը բանակցությունների ընթացքում շեղակիորեն հուշել է ո’չ ավել, ո’չ պակաս ԱԱՆ փոխնախարար Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանը: Ն. Հունանյանի հետ բանակցությունները վարել են անձամբ նա, վերոնշյալ Տ. Նազարյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան (Ալիկ) Հարությունյանը (3) , որոնց ցուցմունքներով էլ հետագայում կազմվել են արձանագրություններ: Նրանք բոլորն էլ ուղղակի թե անուղղակի արծարծել են Թուրքիա ինքնաթիռով փախչելու գաղափարը, ինչն արդեն հուշում է ներքին ինչ-որ պայմանավորվածություն: Այնինչ, իր ցուցմունքներում Գ. Գրիգորյանը չի թաքցնում, որ ինքնաթիռ պահանջելու և դրանով Թուրքիա փախչելու շեղակի գաղափարը հանցախմբին հուշել է ինքը, թեև «խորհուրդ չտալով», իսկ ավելի ուշ քննչական մարմնին տված իր ցուցմունքում այդ քայլը բացատրել է.«Այդ տարբերակը առաջարկվեց` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք հնարավորություն ունենք համապատասխան օպերացիա իրականացնել» ( ՉԻ, N°621/ինտեր. N°781, 29.12.2007): Այսինքն, օդում խփել կամ պայթեցնել ինքնաթիռը հանցախմբով հանդերձ, դրանով մաքրելով պետական ոճրագործության բոլոր հետքերը, բայց նաև ամրագրելով… «թուրքական վարկածը» (այլ որտե՞ ղ պիտի ապաստան փնտրեր խուճապահար հանցախումբը, եթե ոչ պատվիրատուի մոտ, ինչպես այլորեն գտավ ԱԱՆ-ի և իշխանությունների մոտ…) : Բարեբախտաբար ոճրագործը կռահել է այդ տարբերակի ենթատեքստը և չի համաձայնվել, իսկ ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո և նրա ինչ-ինչ երաշխավորությամբ նախընտրել է հանձնվել հենց ԱԱՆ-ին: Մնացյալը հայտնի է:
* * *
Այսքանը մամուլի հրապարակումներից, ամրագրված «Հոկտեմբեր 27» քրգործ N°62207199-ի շուրջ 18000 էջանոց հետաքննչական արձանագրություններով, որոնք ըստ հարկի կարող են ներկայացվել: Վստահաբար, փաստագրումներն ավելի շատ են, իսկ որոշ հանգամանքներ շրջանցվում են որպես «պետական գաղտնիք»(հարևան երկրի դեմ գործակալներ պատրաստելն ու նման գործողությունները հրապարակելը ինքնին խնդրահարույց են…): Անշուշտ, այս բոլորում կարող են լինել որոշ անճշտություններ և հարցականներ, ինչպես օրինակ.
ՀԱՐՑ.- Եթե Նաիրի և Կարեն Հունանյանները Ղրիմում հիրավի անցել էին ահաբեկչական նախապատրաստություն , ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում նրանց Թուրքիա գործուղումը, այն էլ «կապեր սերտացնելու» հորդորով և այդքան ինստրուկտուրավորմամբ: Թուրքիայի դեմ ծրագրավորվող ահաբեկչությո ՞ւն, ինչը ավելի քան անհավանական է, իսկ լոկ որպես հետախույզ նրանցից ոչ մեկի բուռն խառնվածքն ու ամբիցիաները չէին համապատասխանում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարելի է ենթադրել, որ այդ ծրագրավորվել է այնպես, ինչպես Լի Օսվալդի պարագայում, որի ԽՍՀՄ հայտնվելը, իբր մարքսիստական պրոֆիլը և FBI հետ առեղծվածային կապերը Ջ.Ֆ.Քենեդիի սպանության մեջ հուշում են համաշխարհային նման մի պրակտիկայի գոյությունն ու տվյալ դեպքում օգտագործումը: Առավել ևս, որ ոճրագործությունից հետո ահաբեկիչներին վերացնելը նույնպես նախատեսված է եղել, ըստ ոմանց ի դեմս ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի կայծակնային հայտնությամբ (ինչը խափանել են վազգենական հայ զինվորականները ) և հենց ԱԱՆ փոխնախարար Գ. Գրիգորյանի ակամա խոստովանությամբ:
Իսկ այն հանգամանքը, որ Ն. Հունանյանը չի ընկել այդ ծուղակը, խոսում է համաշխարհային
պրակտիկային նրա ևս քիչ թե շատ ծանոթության օգտին :
ՀԱՐՑ. – Ն.Հունանյանի հետ Թուրքիա գործուղման աշխատանքները սկսվել էին 1998 թ. աշնանը: Եթե հոկտ. 27-ի ոճրագործությունը աղերսվում է այդ ժամանակաշրջանում «Մեղրիի պայմանագրի» բուռն քննարկումների հետ, ապա ի՞նչու փոխառնչել այդ երկու պարագաները:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ, արդեն ասվեց, որ «Մեղրիի պայմանագիրը» օրակարգում եղել է շատ վաղուց, Վ.Սարգսյանի չեղոզքացումը` նույնպես, թեև ոչ «Մեղրիի» առնչությամբ, այլ իշխանափոխության (նա նույնպես ռուսամետ դաշնակների «սև ցուցակում» եղել է վաղուց, հատկապես 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրություններից հետո): Իսկ այն սկսվել էր մինչև 1998 թ. Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ուժգնացել դրանից հետո և Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան տանդեմի իշխանական ինքնահաստատմամբ, ապա Վ.Սարգսյանի մի շարք մերձակիցների առեղծվածային սպանություններով: Նույն վտանգի վերաբերյալ բազմիցս զգուշացված էր նաև Վ.Սարգսյանը, այդ թվում 1998 աշնանը իր երբեմնի զինակից Վ.Սիրադեղյանի կողմից 4 , իսկ 1999 թ. գարնանը` վաղամեռիկ լրագրող և հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հրապարակային ահազանգումներով: Նրան այդպես էլ չհաջողվեց անձամբ հանդիպել Վ.Սարգսյանի հետ, իսկ իր վերջին փորձից մի քանի օր անց, 08.03.1999 թվի գիշերը, դարձավ խորհրդավոր ավտովթարի զոհ…
Ամենայն հավանականությամբ ընթացիկ իշխանափոխությունը, Վ. Սարգսյանի ծրագրված չեզոքացումը (այդու նաև Կ. Դեմիրճյանի և «Միասնություն» հզոր միավորման) և Ն.Հունանյանի «թրքական» նախապատրաստությունը ոմանց համար շահեկանորեն համատեղվել են
«Մեղրիի» խնդրականի շուրջ (բայց ինչ-որ «հրաշքով» նաև ռուսաստանյան զարգացումների…), ինչը որպես «պատահականություն» հաճախ է նախատեսվում ճատրակային հաշվարկներում:
Նման հարցադրումներն ու պատասխանները կարող են երկար շարունակվել, բորբոքելով նոր հարցականներ, բայց նաև բացահայտելով թերասացություններ, բացթողումներ և առավել հանգամանլից փաստարկներ: Սակայն, այսքանն անգամ բավական է վկայակոչելու ի դեմս Նաիրի Հունանյանի հոկտ. 27-ի հետ կապված Թուրքիայի անվան հոլովումները, առանց վերջինիս մեղսակցության որևէ փաստի: Ինչ փույթ, հասարակությանը դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց բավարար սնուցելու ասեկոսներն ու կասկածները , և մասամբ շեղելու համար բուն «արտաքին միջամտությունից», ինչպես երկիմաստորեն ազդարարեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և այլք…
Սակայն դրանք ևս պակաս կարևոր են: Քանզի նախ անվիճելի է մեկ ակնհայտ հանգամանք. այլազան բոլոր հորինածո վարկածները ջանում են սքողել այդքան բախտորոշ ոճրագործության բուն պատվիրատուներին: Իսկ այդ բոլորի մեջ.
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐԿԱԾԸ ՀՂԱՑՎԵԼ ԵՎ ԽԱՂԱՐԿՎԵԼ Է Ի ՍԿԶԲԱՆԵ :
Իսկ դրանից բխում է նույնքան անվիճելի և առավել կարևոր մեկ այլ հանգամանք.
1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ծրագրվել, մշակվել և իրականացվել է պետական բարձրագույն մակարդակով և անգամ աշխարհաքաղաքական նկատառումներով, ինչը ոչ մի կերպ չէր կարող լինել առանց անվերապահ «դաշնակցի» առնվազն լռելյայն համաձայնության, առավելագույնս` խորհրդով ու մեղսակցությամբ, նկատի առնելով թե’ տարածաշրջանում նրա գերկարևոր շահերը, և թե’ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խառնակչություններն ու հակամարտությունների շահարկումները:
Միայն այս իրողությունը բավական է 1999 թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը մի քանի թափթփուկների իբր « ինքնագործունեության» պաշտոնական հավաստիացումը փոշիացնելու և ըստ այդմ հենց վերին իշխանություններին մերկացնելու համար: Զի նշյալ քաղաքական շահարկումներն ու խարդավանքները եղել են և’ 1999 թ. հոկտեմբեր 27-ից առաջ, և’ հետո, և’ կլինեն հետագայում: Այս առումով հոկտեմբեր 27-ի պետական ոճրագործության հանգամանալից բացահայտումն ունի պատմական ու գոյաբանական անգերագնահատելի նշանակությունը, ինչն էլ մեր բուն նպատակն է :
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նման փաստերը բազմաթիվ են և դեռ ոչ ամբողջովին ու էաբանորեն դիտարկված նաև իրենց փոխառնչությունների մեջ, ինչն ընդունակ է վերջնականորեն լուսաբանել արհեստական այդ առեղծվածը: Որպես օրինակ ահա խճճված թնջուկի նման այլ մեկ հանգույց:
Ն. Հունանյանը ոճրագործության է գնացել խիստ որոշակի հեռանկարներով: Նա իր հետ տարել է կարմիր գույնի մի թղթապանակ, որը ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ վստահել է ևս մեկ «մութ» դերակատարի` հետագայում նույնպես ԱՄՆ-ում ապաստան գտած Նաիրի Բադալյանին: Պարզվում է, որ այդ թղթապանակը պարունակում էր օրենսդրության նախագիծ, պետական պաշտոններում նշանակվելիք թեկնածուների ձիգ մի անվանացանկ, պատրաստի հրամանագրեր, որոնցից առաջինը ազդարարում էր ԱԺ-ի կողմից հաստատման պատրաստ, իր իսկ ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության ստեղծումը, ապա եռամսյա արտակարգ դրության հրամանագիր և այլն (քրգործ N°62207199, հատոր N°20, գ.թ. 201-238 : «Կոչ, որոշումների, օրենքների նախագծեր, կենսագրություն, ցուցակ» (ձեռագիր, Ն.Հունանյանի կողմից գրված):
Այդ ամենը հիմնավորում են այն շշուկները, ըստ որոնց Վ. Սարգսյանի սպանությունից հետո վարչապետ էր նշանակվելու… հենց Ն. Հունանյանը, ինչը նրան վստահեցրել էր ՀՀ նախագահական անձնակազմի ղեկավար նույն Ալեքսան Հարությունյանը… Սակայն, անգամ առանց նրա հասկանալի ժխտման, կարմիր թղթապանակի գոյությունն ու բովանդակությունը աներկբա վկայում են.
- Նման փաստաթղթերի մշակումը անկասկած պահանջել է նախ որոշակի ժամանակ, որոշակի պայմանավորվածություն և հիրավի բարձրաստիճան երաշխիքներ (ինչը հիրավի ունեցել է, բայց այդ այլ նյութ է): Հակառակ դեպքում դրա հեղինակը պիտի դիտվեր հոգեկան հիվանդ: Այնինչ ըստ հոգեբանական փորձաքննության նա եղել է կատարելապես առողջ:
- Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ հանցագործը փախչելու նախապես բնավ մտադրություն չի ունեցել և չի կռահել անգամ նենգորեն շահարկվելու տարբերակը: Հակառակ դեպքում պիտի մշակեր նաև «նահանջի» նման մի ծրագիր և ոչ թե հանկարծակի եկած ու ակնհայտ խուճապի մեջ ելքեր որոներ:
- Իսկ այն հանգամանքր, որ ճչացող այսքան փաստերով հանդերձ պատվիրատուների մասով գործը կարճվել է, տարակուսանքի չնչին տեղ չի թողնում ոչ միայն վերուստ ծրագրավորման` այլև ոճրագործության վերին հետքերը ծածկողների զորության վերաբերյալ, ինչը ինքնին առնվազն մեղսակցություն է:
Նման բազմաթիվ նկատառումներով, ոճրագործությունը եղել է ոչ այնքան կատարյալ, որքան` նենգ, լկտի ու բռի, ինչը քաղաքական ու հասարակական կյանքում պետական մակարդակով շարունակվեց հետագա տարիներին…
Ֆոտոռոբո(տ)ները ակնհայտ են…
----------------------------------------------------------------------------------------------------------------
3 Թեև շատ հին ծանոթներ, նա 1999 թ. գարնանից սկսյալ հանդիպումներ է ունեցել Ն. Հունանյանի հետ, տվել որոշակի հրահանգներ, ակտիվորեն հեռակառավարել ողջ գործընթացը, ոճրից հետո մասնակցել բանակցություններին և կազմակերպել Ն. Հունանյանի հետ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը հանցավայրում: Հետաքննության ընթացքում վերցվել է նախնական կալանքի և դիտվել որպես ոճրագործության կազմակերպման մեջ առանցքային ֆիգուրաներից մեկը : Սակայն, 2000 թ., ամռան սկզբին ազատ է արձակվել Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանության ամրապնդմամբ ու նշանակվել… Հայաստանի իբր «Հանրային» հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Հոկտ. 27-ի պահանջատիրության հետ, նրա մեղսակցությունը հրապարակավ բարձրաձայնեց Լ.Տեր-Պետրոսյանը նախընտրական իր հանրավաքների ընթացքում :
4«Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վ.Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը... Հայաստանը նրանց ատում է, այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երեւելի անհատների հանդեպ: Այնպես որ, միայն քեզնով գործը չի ավարտվելու... Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները... Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել» (http://septemberi21.blogspot.com/2007/10/blog-post_29.html):
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ Մարսել, 18.05.2008 թ.
http://www.eutyun.am/S/E/H/H27EvTurqian.htm
|
|